ԳլխավորԼուր

Միջազգային ատյաններում մեզ կպաշտպանեն մեր կադրերը․ ԵՊՀ-ում կմեկնարկի կրթական նոր ծրագիր

Եղիշե Կիրակոսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գագիկ Ղազինյան

Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական նոր կրթական ծրագրի շնորհանդեսը։ Կրթական ծրագիրը առկա ուսուցմամբ է, տևողությունը՝ 3 կիսամյակ։ Այն հնարավորություն է տալու ուսանողներին ծանոթանալու միջազգային իրավունքի սկզբունքներին ու հիմունքներին, ստանալու խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, հասկանալու միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումը և կատարումը, գնահատելու ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնելու գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:

Ծրագիրը, նախաձեռնել և ղեկավարելու է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, ի․գ․թ․ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է միջզգային դատական, արբիտրաժային գործընթացներում, ուստի կարիք է առաջացել լավ մասնագետներ ունենալու․

«Բացի բովանդակային, ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունից՝ բավական կարևոր են իրավաբանի հետազոտական, փաստաթղթեր կազմելու, գրավոր իրավաբանական խոսքին տիրապետելու հմտությունները․ միջազգային դատարաններում հատուկ պահանջներ կան դրանց հետ կապված։ Ասում են՝ սատանան մանրուքների մեջ է, և դա շատ ճիշտ է։ Իրավաբանի գրած ամեն տող ու արած ամեն հղում առանցքային է»,-շեշտեց Եղիշե Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ մագիստրոսական այս ծրագրում կբարելավվի գիտահետազոտական բաղադրիչը, ինչպես նաև առանձնակի ուշադրություն կդարձվի էթիկական կանոնների յուրացմանը, որը ծրագրի առաջնային թիրախներից է։

ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի շնորհանդեսի ժամանակ
ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի շնորհանդեսի ժամանակ

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ երբ Եղիշե Կիրակոսյանը խոսել է նման կրթական ծրագիր ունենալու նախաձեռնության մասին՝ շեշտելով, որ այն ապագային միտված ծրագիր է, և միջազգային ատյաններում Հայաստանի շահերի ներկայացումն այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել, իր և բուհի կողմից միանգամից եղել է աջակցություն նախաձեռնությանը․

«Այսօր ծրագիրն արդեն կյանքի է կոչվում, սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ հաշվի առնելով համալսարանում տեղի ունեցող ռեֆորմներն ու վարվող ռազմավարությունը, ըստ որի արժևորվում է մագիստրոսական ծրագիրը։ Եվ այս պարագայում դժվար այնպիսի տեսակետ հնչի, որ մագիստրատուրան գիտելիքի կրկնություն է, կրթական այս ծրագրի շրջանակում սաները կդառնան ոլորտի նեղ մասնագետներ, կմասնագիտանան լավագույն պրոֆեսորների ներգրավմամբ, մենք կունենանք փայլուն մագիստրոսական ծրագիր»։

Կրթական ծրագրի կարևորությունն առանձնակի կարևորեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը սկզբունքորեն տարբերվում է մյուսներից․

«Նախաձեռնությունը պարոն Կիրակոսյանինն է, ինքն է կադրերի առաջին շահառուն։ Ծրագիրն իսկապես աննախադեպ է նաև նրանով, որ մագիստրոսական ծրագիրը կլինի անգլերենով, կներգրավվեն ճանաչված մասնագետներ արտերկրից։ Կարծում ենք՝ բոլոր պայմաններն ապահովելու դեպքում իրոք կունենանք բարձր արդյունք»,-ասաց դեկանը։

Նշենք, որ կրթական ծրագիրը կմեկնարկի 2023-2024 ուսումնական տարվանից։ Անգլերենով անցկացվող դասընթացները վարելու են ոլորտում աշխատող փորձառու միջազգային իրավաբաններ ու առաջատար համալսարաններից հրավիրյալ պրոֆեսորներ։

ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի շնորհանդեսի ժամանակ
ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի շնորհանդեսի ժամանակ