ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն կոչ է անում սուտ տեղեկատվություն չտարածել

ԵՊՀ գլխավոր մասնաշենք

«Hraparak.am» լրատվական կայքէջում այսօր հրապարակվել էր ««Հրապարակ». ԵՊՀ ռեկտորը որոշել է կանխել դասադուլը» վերնագրով հոդված, որը ներառում է ոչ միայն սուտ տեղեկատվություն, այլև զրպարտություն՝ այդկերպ արատավորելով ու վնասելով Մայր բուհի հեղինակությունը։ Այս մասին նշված է ԵՊՀ տարածած հաղորդագրության մեջ։

ԵՊՀ-ն ներկայացրել է հերքման պահանջ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հոդվածում տեղ գտած «բուհերի ռեկտորատները, ի տարբերություն 2018 թվականի, ամեն ինչ անում են՝ այս պայքարը ճնշելու համար․ սպառնում են, զգուշացնում և այլն» ձևակերպման առնչությամբ խնդրում ենք ընթերցողին տալ ավելի կոնկրետ պարզաբանում՝ մասնավորելով ու թվարկելով այն բուհերը, որտեղ ռեկտորատները «սպառնացել են», քանի որ ԵՊՀ որևէ ստորաբաժանում որևէ ուսանողի ու դասախոսի չի սպառնացել։

Հոդվածում ներառված է պարբերություն՝ հետևյալ ձևակերպմամբ․ «ԵՊՀ ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ավելի հեռուն է գնացել, հայտարարել է, որ գործադուլ անող աշխատողների և դասերը չիրականացրած դասախոսների բոլոր բացակաները դրվելու են, այդ օրերի համար նրանց աշխատավարձերից պահումներ են անելու և դեկտեմբերին էլ 13-րդ աշխատավարձ չեն տալու: Եթե դա շարունակվի, կարող են նաև համալսարանից հեռացվել: Իսկ այն ուսանողները, որոնք դասադուլ են անում, կրթաթոշակներից կարող են զրկվել, և թույլ չեն տալու, որ անվճար տեղերի մրցույթներին մասնակցեն: Նույնիսկ կարող են հրահանգ իջեցնել դեկաններին` այդ ուսանողներին քննությունների ժամանակ քննել ամենախիստ ձևով, չնշանակել և դուրս թողնել համալսարանից»։

Այն ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ ԵՊՀ-ն ապաքաղաքական կառույց է, այստեղ ուսումնական և աշխատանքային գործընթացներն իրականացվում են՝ ՀՀ օրենսդրությանը, ԵՊՀ կանոնադրությանը, ներքին իրավական ակտերին ու կարգավորումներին համապատասխան, ուսանողների և աշխատակիցների իրավունքներն ու պարտականություններն էլ պայմանավորված չեն քաղաքական գործընթացներով։ Բացի դրանից՝ ԵՊՀ-ում անթույլատրելի է համարվում ստիպողաբար մասնակցությունը քաղաքական այս կամ այն գործընթացների։

Հոդվածում ընդգրկված «Սակայն այս սպառնալիքները չեն խանգարել, և երեկ դասադուլին ամենաակտիվ մասնակցած բուհը ԵՊՀ-ն էր, որտեղ դասեր երեկ չկային, և ԵՊՀ շատ ուսանողներ ու դասախոսներ ողջ օրը մասնակցում էին մայրաքաղաքում ընթացող անհնազանդության և բողոքի ակցիաներին» ձևակերպումը ևս ճիշտ չէ։ Թեև երեկ գրանցվել են ԵՊՀ ուսանողների բացակայություններ, սակայն, ընդհանուր առմամբ, դասապրոցեսը չի խաթարվել։

Ելնելով վերոշարադրյալից՝ «Hraparak.am» լրատվական կայքէջին առաջարկում ենք հրապարակել հերքում՝ համաձայն ՀՀ զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի պահանջների։ Բացի դրանից՝ կոչ ենք անում մեր երկրի ու ժողովրդի համար այս դժվարին ու ողբերգական օրերին չտարածել սուտ տեղեկատվություն և չհեղինակազրկել մեր երկրի ամենակարևոր հաստատություններից մեկը՝ Երևանի պետական համալսարանը»։