ԳլխավորԼուր

Երևանի պետական համալսարանը տոնում է հիմնադրման 104-ամյակը

ԵՊՀ

Երևանի պետական համալսարանն այսօր տոնում է հիմնադրման 104-ամյակը, ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

«ԵՊՀ-ն բացառիկ հաստատություն է, որն իր ստեղծման օրվանից եղել և մնում է մեր երկրի որակյալ կրթության ու գիտության կազմակերպման, մտավոր ներուժի, մտքերի ու գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը։ 104 տարվա այս ժամանակահատվածը հսկայական ձեռքբերումների պատմություն է, որի համար շատերն են իրենց ներդրումն ու վաստակը ունեցել և արժանի են գնահատանքի։

Համալսարանական համայնքի յուրաքանչյուր անդամի ու մեր գործընկերների արհեստավարժության, ջանքերի ու նիրվածության շնորհիվ ԵՊՀ-ն գիտահետազոտական առաջատար այն կենտրոնն է, որտեղ տեսանելի է առաջնորդությունը, որտեղ յուրաքանչյուրը պատասխանատու է իր ոլորտի զարգացման համար, և որտեղ յուրաքանչյուրը, գիտակցելով համալսարանի դերն ու նշանակությունը, մաս է դառնում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ու զարգացման պահանջները կատարելու գործում։

ԵՊՀ-ում մենք հավատում ենք քրտնաջան աշխատանքի միջոցով գերազանցության հասնելու նպատակին: Մենք շարունակաբար փնտրում ու փորձում ենք նոր ուղիներ՝ զարգացնելու ու ընդլայնելու գիտելիքներն ու մեր ուսանողներին դարձնելու որակյալ ու արհեստավարժ մասնագետներ, որոնք իրենց գործունեությամբ կամրագրեն այն առաջընթացը, որը պետք է ոչ միայն մեր երկրին ու հասարակությանը, այլև աշխարհին։

ԵՊՀ հիմնադրման օրվան նվիրված տոնական միջոցառումները մենք մեկնարկում ենք «ԲանՈւԳործ. ԵՊՀ էքսպո-2023» խորագիրը կրող ցուցահանդեսով, քանի որ մենք վստահ ենք, որ կրթության զարգացման երաշխիքներից մեկը կապն է աշխատաշուկայի հետ. համալսարանի տրամադրած գիտելիքը պետք է իր արդյունավետ կիրառությունը գտնի աշխատանքում, ուստի հասկանալով աշխատաշուկայի արդի միտումները՝ մենք կկարողանանք վերանայել մեր կրթական ծրագրերը ու քայլել ժամանակի պահանջներին համընթաց։

Եվ այսօր շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, որոնց հետ ակտիվ համագործակցության արդյունքում և որոնց օգնությամբ մենք կարողանում ենք վերահաստատել մեր դիրքը՝ շարունակելով դիտարկվել որպես սովորելու ու աշխատելու գրավիչ վայր և դառնալով երիտասարդների ու աշխատաշուկայի միջև հաղորդակցություն ձևավորող ու ամրապնդող հարթակ։

Երևանի պետական համալսարանը պարզապես բարձրագույն կրթության կենտրոն չէ. այն անսպառ էներգիայի ու ոգեշնչման աղբյուր է՝ մեր ներուժը բացահայտելու և մեծ նպատակներին ու երազանքներին հասնելու համար։

Պատահական չէ, որ այսօր Հայաստանում նշվում է նաև Ուսանողների և երիտասարդների օրը, որոնք մեր երկրի ներկան ու ապագան են, համալսարանական լավագույն ավանդույթների շարունակողն ու նորը ստեղծողը։

Սիրելի՛ երիտասարդներ, հավատացե՛ք, որ մեր աշխարհն ունի ձեր ու ձեր գիտելիքի կարիքը, ուստի վստահե՛ք ձեր ներուժին ու իրականացրե՛ք ձեր երազանքները։

Շնորհավորում եմ բոլորիս տոնական այս օրվա կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն, նորանոր ձեռքբերումներ ու բեղմնավոր գործունեություն»,-նշված է գրառման մեջ: