Լիա Հայկյանցն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, մագիստրոսական կրթության շրջանակում ուսումը շարունակում է Գերմանիայի Գյոթինգենի համալսարանում՝ մասնագիտանալով մտավոր սեփականության և ՏՏ իրավունքի ուղղությամբ: Ysu.am-ի հետ զրույցում Լիան պատմել է իրավաբան դառնալու երազանքի, մասնագիտացման հեռանկարների ու իր նպատակների մասին:
***
Ես Լիան եմ, 23 տարեկան: Ծնվել եմ դասախոսների և գիտնականների ընտանիքում: Կարող եք պատկերացնել, թե ինչպիսի մեծ պատասխանատվություն եմ միշտ կրել ընտանիքս ճիշտ ներկայացնելու և ապագայում ուղիս արժանավորինս շարունակելու հարցերում: Ավարտել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և այժմ եզրափակում եմ ուսումս Գերմանիայում:
Կրտսեր եղբայրս ներկայումս նույնպես սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Ծնողներս միշտ մեծ ուշադրություն են դարձրել մեր ուսումնառությանը և մշտապես փորձել են բացահայտել մեր կրթական ունակություններն ու շարունակաբար զարգացնել այդպիսիք:
Երջանկությամբ եմ հիշում մանկությանս օրերը, երբ շատ ժամանակ էի հատկացնում բեմական հանդեսներին՝ պար-ջութակ-երգ, ինչն ինձ համար կենսական շարժիչ ուժ ու թաքնված փոքրիկ երազանք էր, բայց որն ընդհատեցի՝ մասնագիտական ուսումնառության վրա ավելի շատ կենտրոնանալու նպատակով: Դրանով հանդերձ պետք է ասեմ, որ հաճախ այդ երազանքն այցելում է ինձ և կրկին ու կրկին մոտիվացնում՝ շարունակելու աշխատանքը, շրջանցելու վախերը և առաջ շարժվելու:
Ես չեմ ընտրել ԵՊՀ-ն կամ իմ մասնագիտությունը, դա կարծես նախախնամության կամքով որոշված է եղել ի սկզբանե
Հայրս և մայրս ծանոթացել են միմյանց հետ, երբ ԵՊՀ ուսանողներ են եղել, ավարտել են ուսումը, ընդունվել են ԵՊՀ ասպիրանտուրա և մինչ այժմ Մայր բուհի դասախոսներ են: Հայրս իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասախոսում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, մայրս ասիստենտ՝ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում: Դեռ շատ փոքր հասակից հաճախ այցելել եմ համալսարան:
Հիշում եմ՝ լուռ նստում էի ամբիոններում և կլանված հետևում ծնողներիս աշխատանքին, ուսանողների ելումուտին: Շատ էի սիրում լսել, թե ինչ են մարդիկ խոսում. ճիշտ է, չէի հասկանում հիմնականում, բայց միևնույն է այդ մթնոլորտը ենթագիտակցաբար կրթում էր ինձ: Միշտ երազում էի այն օրվա մասին, երբ ես էլ կլինեմ ուսանողի դերում:
Մասնագիտությանս ընտրությունն էլ նորից կապված է ընտանիքիս հետ. միշտ տեսել եմ հայրիկիս կարդալիս, գրելիս, ստեղծագործելիս, իր կերպարն այնքան հիացնող էր ու այնքան մոտիվացնող, որ ուղղակի, հենց այդպես որոշեցի, որ մեծանամ՝ հայրիկիս եմ նմանվելու: Ծնողներս միշտ հիշում են, որ անգամ մասնագիտության անունը չէի կարողանում արտասանել, բայց երբ հարցնում էին, թե ինչ եմ դառնալու ապագայում, վստահ ասում էի՝ «մուրավաբան»:
Ավագ դպրոցում, երբ սկսեցի ուսումնասիրել մասնագիտության բնույթը, ընդունելության քննությունները և այլ մանրամասներ, համոզվեցի, որ ամեն ինչ համընկնում է իմ հետաքրքրությունների և տեսակի հետ: Ես մեծացել եմ ԵՊՀ-ում ու կարող եմ ասել, որ «երեխաները չեն ընտրում իրենց ընտանիքը» սկզբունքն իսկապես բնութագրական էր նաև այս հարցում. ԵՊՀ-ն իրոք ընտանիք է ինձ համար:
Ընտրած մասնագիտությունս շատ է համապատասխանում բնավորությանս
Իրավաբան լինելն արդեն կենսակերպ է դարձել. կյանքի ցանկացած իրավիճակ միշտ դիտում եմ իրավաբանի տեսանկյունից: Իրավաբան լինելն ինձ համար նախևառաջ ամուր կապ է երկրիս հետ: Ինչպես բժիշկներն են Հիպոկրատի երդում տալիս, այդպես էլ իմ մասնագիտությունը երդում է դարձել ինձ համար՝ իմ հայրենիքում զարգանալու և երկրիս զարգացման համար գոնե փոքրիկ մասնակցություն ունենալու: Արտերկրում ուսում ստանալու որոշումն էլ կայացվել է հենց այս հիմքով: Նպատակն էր՝ գտնել իրապես ուսումնական լավ ծրագիր, ձեռք բերել փորձ, գիտելիք ու ամենակարևորը կոփվել որպես անհատ, դառնալ ինքնուրույն ու մոռանալ հարմարավետության գոտու գոյության մասին:
Ընտրեցի Գյոթինգենի համալսարանի մագիստրոսական ծրագիրը, որը մասնագիտացված է մտավոր սեփականության և ՏՏ իրավունքի ուղղությամբ:
Հենց սա է այն ոլորտը, որում ցանկացա մասնագիտանալ և ստացած գիտելիքներս ծառայեցնել Հայաստանին: Մեկուկես տարի է արդեն, ինչ Գերմանիայում եմ, այս ընթացքում ավարտել եմ ուսմանս հիմնական մասը, զուգահեռ աշխատել եմ և ավարտել վեցամսյա պրակտիկան: Մեծ ոգևորությամբ եմ արձանագրում, թե դեռ ինչքան աճելու և ինքս ինձ նոր մարտահրավերներ նետելու տեղ ունեմ:
Ընտրածս ոլորտը բավականին խնդրահարույց է, անասելի հետաքրքիր ու մարտահրավերներով լեցուն: Այն նորույթ է, և կարգավորումների տեսանկյունից դեռ շատ բացեր են առկա: Եվրոպական և ամերիկյան իրավական համակարգերը շարունակաբար աշխատում են ոլորտը կարգավորելու ուղղությամբ՝ կիբեռանվտանգություն, տվյալների պաշտպանություն, արհեստական ինտելեկտ, ՏՏ ծրագրեր, պայմանագրեր և այլք:
Համացանցն անսպառ հնարավորություններ է առաջարկում մեր իրավունքների իրականացման համար, սակայն կրկնակի շատ են ռիսկերը: Այն, կարելի է ասել, երկու տարի առաջ գրեթե ամբողջովին բաց ոլորտ էր մեր համակարգում, երբ պատրաստվում էի մեկնել, և մենք դեռ մեծ աշխատանք ունենք ոլորտը զարգացնելու ուղղությամբ, և շատ ոգևորիչ է տեսնել ձեռնարկվող քայլերը, նախատեսվող ծրագրերը:
Մեծ ոգևորությամբ եմ նաև նկատում, որ ավելի շատ ուսանողներ են ընտրում այս ոլորտը՝ նախկին ավանդական ճյուղերի ընտրությանը զուգահեռ: Ներկա դրությամբ առաջնահերթ եմ համարում ՏՏ իրավունքի վերաբերյալ դասընթացների, ծրագրերի կազմակերպումը:
Ամեն ինչ սկսվում է կրթությունից
Մեծ երազանք ունեմ. երբ վստահորեն կզգամ, որ բավական փորձ և գիտելիքներ ունեմ այս ոլորտում, պետք է վերադառնամ ու աշխատեմ դասընթացների, հոդվածների ու շատ այլ ծրագրերի ուղղությամբ: