Համակարգի խափանման պատճառը խիստ ծանրաբեռնվածությունն է, Usanogh.am-ին հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված տեղեկատվությանն այն մասին, որ թեև բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի հայտագրման վերջնաժամկետը լրանում է մայիսի 10-ին ժամը 18։00–ին, սակայն մայիսի 9-ի լույս 10-ի գիշերն արդեն իսկ համակարգը փակվել է ու չեն կարողացել լրացնել դիմումը։
«Շատ դիմորդներ հայտագրումը հետաձգում են մինչև վերջին օրը։ Ես հասկանում եմ պատճառը` իրենք հետևում են շարժին, դիմորդների թվին, որ մասնագիտությամբ քանի դիմորդ է դիմում, փորձում են կողմորոշվել, գնահատել իրենց շանսերը և այդ պատճառով թողնում են վերջին պահին։ Արդյունքում, համակարգը չի դիմանում, ինչպես այս անգամ եղավ»,– նշեց նա։
ԳԹԿ–ից հավաստիացնում են, որ հայտագրման ցանկություն ունեցող որևէ դիմորդ խնդրի առաջ չի կանգնի և չի լինի այնպես, որ որևէ դիմորդը չհասցնի գրանցվել։
«Մենք բոլորին հնարավորություն կտանք հայտագրվելու։ Գուցեև լրացուցիչ հայտարարություն լինի այդ մասին, բայց խուճապի մատնվել պետք չէ։ Այս պահին համակարգը գործում է ու գործում է խիստ ծանրաբեռնված։ Եթե մեկ անգամից չի ստացվում գրանցվել, թող կրկին անգամ փորձ կատարեն»,- ընդգծեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի հայտագրումը մեկնարկել էր ապրիլի 15-ին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



