ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն արտերկրում

«Ռոսսոտրուդնիչեստվոն» ռուսաստանյան բուհեր ընդունվելու համար ընդունելություն է սկսել Հայաստանում

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան

«Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանում սկսել է Ռուսաստանի պետբյուջեի հաշվին ՌԴ բուհեր ընդունվելու համար դիմորդների ընդունելությունը։ Այս մասին հաղորդում է կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

«Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարում ՌԴ պետբյուջեի միջոցների հաշվին Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու դիմորդների ընդունելություն՝ միջին մասնագիտական կրթության, բարձրագույն կրթության, լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դիմորդ կարող են հանդիսանալ Հայաստանի քաղաքացիները, քաղաքացիություն չունեցողները և ռուսաստանյան հայրենակիցները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանում և Ռուսաստանի տարածքում գրանցում չունեն: Դիմորդ չեն կարող լինել Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնք 2024/25 ուսումնական տարում ՌԴ կրթական կազմակերպություններում ավարտել են ուսումը կամ 2025/26 ուսումնական տարում շարունակում են ուսումը ՌԴ բուհերում։

Մամուլի ծառայությունը նշում է՝ դիմորդները կարող են հայտեր ներկայացնել սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://education-in-russia.com/ տեղեկատվական համակարգում, լրացնել հարցաթերթիկը, ինչպես նաև կցել պահանջվող փաստաթղթերը: