ԳլխավորԼուրԿրթություն

Չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ԱԺ-ում հանդիպեցին պատգամավորների հետ

Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն Ազգային ժողովում հանդիպեցին խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորների հետ:

«Իմ քայլը» ներկայացնում էր Լիլիթ Ստեփանյանը, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստանը»՝ Աննա Կոստանյանը։

Հանդիպման ընթացքում դիմորդներն ու ծնողները (Մասիս Բաբալյան, Հասմիկ Աղաջանյան) խորհրդարանականներին ներկայացրին խնդիրներն ու իրենց պատկերացրած լուծման ուղիները։

Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները նշեցին, որ հիմնական խնդիրն այն է եղել, որ դիմում-հայտը լրացնելիս նրանք տեղյակ չեն եղել ընթացակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը ծնողներին ու դիմորդներին հայտնեց, որ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց ստորագրություններով գրություն կուղարկեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Արման Աբովյանը նշեց, որ նմանատիպ խնդիրներին ինքը նայում է այն տեսանկյունից, որ եթե կա խնդիր քաղաքացու եւ պետական գերատեսչություն միջեւ, ուրեմն խնդիրը քաղաքացունը չէ, այլ՝ տվյալ գերատեսչությանն է եւ խնդրի լուծումը չպետք է բացասաբար ազդի քաղաքացու շահերի վրա։

Աննա Կոստանյանը մասնավորապս ասաց, որ 1 քննությամբ ընդունելության քննություների դեպքում կարիք չկար մինչեւ 10 հայտ լրացնելու հնարավորություն տալ, պետք է լիներ 1-2 հայտ, ու այդ դեպքում ավելի արդար մրցակցություն կլիներ։

Նա նաեւ նշեց, որ պատշաճ ծանուցում իսկապես չի եղել, եւ դա ԿԳՄՍ նախարարության բացթողումն է, եւ շեշտեց, որ ամեն ինչ կանեն՝ բոլորի համար ընդունելի լուծում գտնելու համար։

Ծնողներն ու դիմորդները մեկ անգամ եւս տեղեկացրեցին, որ իրենց իրավունքները պաշտպանելու են, այդ թվում՝ դատական կարգով։

 

Comment here