ԳլխավորԼուրԿրթություն

Արցախցի դիմորդները կկարողանա՞ն դիմել ՀՀ բուհեր․ կողմերը լուծումներ են փնտրում

Արցախի` ավելի քան  երկու ամիս շրջափակված լինելու պատճառով  լրջորեն խախտվել է արցախցիների կրթության իրավունքը.խախտվել է քննությունների կազմակերպման կարգը, դիմորդները հնարավորություն չունեն դիմելու հայաստանյան բուհեր: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Usanogh.am-ի հետ զրույցում անդրադարձավ ավարտական քննություններին և բուհերի ընդունելության հետ կապված լրջագույն մարտահրավերների:

«Արցախցի դիմորդները չեն կարողանալու հայաստանյան բուհերում մասնակցել ընդունելության քննություններին, ունենալու ենք բազմաթիվ բյուրոկրատական խնդիրներ: Օրինակ` ավարտական վկայականները, քննությունների թեստերը Հայաստանից են ուղարկվում Արցախ, բայց այս կաթվածահար իրավիճակը խոչընդոտում է այդ պրոցեսին: Ամեն դեպքում, փորձելու ենք ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի օգնությամբ լուծումներ տալ իրավիճակին»:

Հավելենք, որ այս հարցի վերաբերյալ «Ռադիոլուր»-ին պարզաբանումներ է տվել Գնահատման և թեստավորման կետրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

ԳԹԿ–ում ամեն ինչ անում են, որ նրանք գոնե հիմնական քննության հնարավորությունից օգտվեն: Այս մասին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Անդրադառնալով արցախցի դիմորդներին, որոնք, այսպես թե այնպես, արդեն իսկ շրջափակման հետևանքով կորցրել են երկու քննություն հանձնելու հնարավորությունը, նա նշել է․ «Մի բան պետք է արվի, եթե այսպես մնա։ Չեք հավատա, բայց թուղթ ենք ուղարկում, որ տպեն, թուղթ էլ չունեն, սովորական Ա4 ֆորմատի թուղթ»։

Ըստ ԳԹԿ փոխտնօրենի՝ խոսքը 600-800 դիմորդի մասին է։ Բոլոր այն դիմորդները, որոնք ցանկացնում են ընդունվել հայաստանյան բուհեր, կունենան այդ հնարավորությունը, ասել է Նասիբյանն ու հավելել, որ եթե նույնիսկ թուղթ ուղարկելու հնարավորությունը չունենան, առցանց կկազմակերպեն քննությունները։

Նշենք, որ Արցախում գազամատակարարման ընդհատումներով պայմանավորված` փետրվարի 7-20-ը դադարեցվել է գազով ջեռուցվող նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը:

Էլեկտրամատակարարման և համացանցի խափանումների հետևանքով մեծապես տուժել են նաև տեխնոլոգիական կրթական ծրագրերը, որոնք հիմնականում դադարել են գործելուց: