Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բուհերի ընդունելության միասնական քննության ժամանակ դիմորդ Սելդա Էրենին հոնքին ու շուրթին պիրսինգ ունենալու համար թույլ չեն տվել մտնել միասնական քննության, հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Milliyet պարբերականին։ Նա ստիպված է եղել գնալ հիվանդանոց ու հանել դրանք իր վրայից։
Քննական կենտրոնի անվտանգության աշխատակիցները բոլոր դիմորդներից պահանջել են իրենց վրայից հանել ավելորդ իրերը, համապատասխանաբար, Էրենից էլ պահանջել են պիրսինգները հանել։ Աղջիկը գնացել է հիվանդանոց, հեռացրել դրանք, սակայն երբ վերադարձել է քննության, դռներն արդեն փակ են եղել, քննությունն էլ՝ սկսված։
«Հիմա լաց կլինեմ նյարդերի լարումից։ Իզո՞ւր եմ գնացել հիվանդանոց ու հետ եկել»,- քննական կենտրոնի դռների ճաղերից այս կողմ ասում է թուրք դիմորդն ու նշում, որ քննության ավարտին դեռ ժամանակ կա, իրեն կարող են ներս թողնել, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս մտնել շենք։
Նշենք, որ այսօր Թուրքիայում մեկնարկել է ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը։