Արցախից 11 անձ է տեղափոխվել Հայաստան, հայտնում է ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Արսեն Թորոսյանը։
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



