ԳլխավորԼուրՀայաստանս

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ

ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Կանանց լավագույն թիմ է ճանաչվել Վրաստանի հավաքականը։

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հարյուրամյակին նվիրված գալա համերգը, որի ընթացքում էլ ՖԻԴԵ-ն շախմատիստներին, մարզիչներին ու հավաքականներին հանձնել է մրցանակներ։

100–ամյակի լավագույն գրոսմայստեր է ճանաչվել նորվեգացի Մագնուս Կարլսենը: Լավագույն շախմատիստուհի է ճանաչվել հունգարացի Յուդիտ Պոլգարը։

Լավագույն մարզիչ է ճանաչվել ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Տուկմակովը, «Լավագույն կին մարզիչ» մրցանակը նվաճել է հունգարացի Սյուզան Պոլգարը:

Ամենահիշարժան հանդիպում է ճանաչվել 1972 թվականի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը խորհրդային շախմատիստ Բորիս Սպասկու և ամերիկացի Ռոբերտ Ֆիշերի միջև: Ի դեպ, այս հանդիպումը, որը տեղի է ունեցել սառը պատերազմի ամենաթեժ պահին, բազմիցս անվանվել է «հարյուրամյակի խաղ»:

Բացի հիմնական անվանակարգերից, ՖԻԴԵ-ն նաև մի շարք հատուկ մրցանակներ է հանձնել: Դրանցից մեկը ստացել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Նրա նախաձեռնությամբ շախմատը ներառվել է հայկական դպրոցների պարտադիր ուսումնական ծրագրում։ Լպուտյանը նաև երկար տարիներ ղեկավարել է ՖԻԴԵ-ի ուսումնական հանձնաժողովը՝ համակարգելով շախմատի տարածման ծրագրերը երեխաների և պատանիների շրջանում:

Հայաստանի հավաքականը երեք անգամ դարձել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն ՝ Թուրինում (2006), Դրեզդենում (2008) և Ստամբուլում (2012): Երեք անգամ հայերի թիմը նվաճել է բրոնզ՝ Մանիլայում (1992), Բլեդում (2002) և Կալվիայում (2004)։ Մեկ օլիմպիադայում էլ մեր տղամարդկանց հավաքականը արժանացել է արծաթե մեդալի (2022, Չեննայ): Բացի այդ, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2011 թվականին հաղթել է աշխարհի թիմային առաջնությունում, իսկ 1997,2001,2005 և 2015 թվականներին դարձել է բրոնզե մեդալակիր:

1999 թ.–ին մեր հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում, 1997 թ–ին դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 2015թ.ին` արծաթե մեդալակիր։