ԳլխավորԼուր

Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է

Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է: 1919 թվականի այս օրը Հայաստանի Մայր գրադարանը ստացավ պետական հանրային գրադարանի կարգավիճակ, նշված է գրադարանի ֆեյսբուքյան էջում։

2022-ին լրանում է նաև Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման՝ Արական գիմնազիայի հավաքածուի հիման վրա ֆոնդերի ձևավորման 190-ամյակը։ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարանը զբաղվել է նաև գրահրատակչական գործունեությամբ։ Գրադարանի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1937թ.-ին։ Այս տարի լրանում է նաև գրադարանի հրատարակչական գործունեության 85-ամյակը։

Գրադարանի պարբերական հրատարակություններից ամենաերկարամյան «Հիշարժան տարեթվեր» օրացույցն է։ Այն լույս է տեսնում 1947 թվականից և հրատարակվում է մինչ օրս. 2022-ին լրանում է օրացույցի հրատարակության 75-ամյակը։

Իսկ հայ գրատպության 510-ամյակը այս տարվա գլխավոր հոբելյանն է. այդ առիթով Հայաստանի ազգային գրադարանը նախաձեռնել է աննախադեպ միջազգային գիտաժողով՝ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով։

Պատմական ակնարկ. Գրադարանի հիմնադրման տարեթիվը համարվում է 1832թ. հունվարը: 1828թ. Արևելյան Հայաստանը միացավ Ռուսական կայսրությանը: 1832թ. հունվարի 14-ին Երևանում բացվեց գավառական գիմնազիա, որտեղ սկսեց գործել նաև գրադարան: Այս հաստատությունը իր գրադարանով պետք է դառնար Ռուսական կայսրության կրթական-պետական ծրագրերը իրականացնողը:

Գիմնազիայի գրադարանը նախատեսված էր ուսումնական հաստատության սովորողներին և ուսուցիչներին ծրագրային անհրաժեշտ գրականությամբ ապահովելու համար, բայց կարճ ժամանակ անց դուրս եկավ դպրոցական գրադարանի շրջանակներից՝ իրականացնելով նաև հանրային գրադարանի գործառույթներ: Գրադարանը ուներ «ժապավինյալ մատյան»՝ գրանցամատյան, որտեղ արձանագրվում էին հավաքածուների մուտքերն ու ելքերը, կատարվում էր համալրում՝ գնման, բաժանորդագրության, նվիրատվության և այլ միջոցներով:

Դպրոցին հատկացված 3800 ռուբլուց 150 ռուբլին հատկացվում էր գրադարանին՝ գնումներ կատարելու և գրադարանի հավաքածուն համալրելու համար: Արդեն 1837թ. գրադարանի հավաքածուն կազմում էր 40-ից ավելի գիրք, 3 քարտեզ, 6 հանդես, այդ թվում՝ «Журнал министерства народного просвещения», «Северная пчелка», «Библиотека для чтения» և այլն:

Գրադարանի հավաքածուի հարստացումը և գրադարանային գործընթացների արդիականացումը կապվում է Խաչատուր Աբովյանի անվան հետ. 1843թ. նա նշանակվեց գիմնազիայի տեսուչ: Աբովյանը կապեր էր հաստատում կայսրության հայտնի հրատարակիչների, գրավաճառատների հետ, պատվիրում անհրաժեշտ ուսումնական, գեղարվեստական գրականություն: Պահպանվել են նրա գրությունները՝ ուղղված պարբերականների հրատարակիչներին, որոնցով նա հայտնում էր գրադարանում բացակայող համարների մասին և խնդրում դրանք ուղարկել գրադարանի հասցեով:

Աբովյանը հետևողականորեն համալրում էր գրադարանը նաև հայ ժողովրդի պատմության մասին գրականությամբ: Նրա շնորհիվ ոչ միայն նպատակային համալրման, հաշվառման ու սպասարկման աշխատանքները բարելավվեցին, այլև գրքերի մշակման, գրացուցակավորման գործը դրվեց գիտական հիմքերի վրա: 1846թ. նրա ջանքերով գրադարանին զուգահեռ բացվում է նաև Կովկասագիտության թանգարան, որտեղ ժողովվում են ոչ միայն հնագիտական ու ազգագրական արժեք ներկայացնող առարկաներ, այլև 200 միավորից ավելի գրքեր կովկասյան տարածաշրջանի պատմության, աշխարհագրության մասին:

Հետագայում այդ գրքերը և գիմնազիայի գրադարանի գրականության մի մասը՝ ընդամենը 18.000 միավոր, պետք է կազմեր Ազգային գրադարանի հավաքածուի հիմքը: 1863թ. Երևանի նահանգապետի թույտվությամբ գավառական ուսումնարանի գրադարանը պաշտոնապես համարվում է հանրային գրադարան: