ԳլխավորԼուր

Ազգային գրադարանի ընթերցասրահներն աշխատում են սովորական ժամանակացույցով

Հայաստանի ազգային գրադարանի աշխատանքային ու ընթերցողական եռուզեռը սովորական է, միաժամանակ՝ անսովոր՝ համավարակի հետևանքով, տեղեկանում ենք գրադարանի ֆեյսբուքյան էջից։

«Գրադարանի ընթերցասրահներն աշխատում են սովորական ժամանակացույցով՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, ինչը չի խանգարում, որ մեր ընթերցողները, ինչպես միշտ, սիրով հաճախեն գրադարան, ընթերցեն, հետազոտեն, պարապեն: Կուտակումներից խուսափելու համար յուրաքանչյուր ընթերցողի տրվում է 2 ժամ:

Սիրելի ընթերցողներ, ձեզնից շատերի՝ ընթերցասրահում ավելի երկար մնալու մասին հարցին ի պատասխան նշենք, որ ժամանակային սահմանափակում արվում է միայն ընթերցողների մեծ քանակի դեպքում: Եթե ընթերցասրահը մարդաշատ չէ, և հնարավոր է պահպանել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորությունը, կարող եք ավելի երկար մնալ: Դա կարգավորվում է տեղում:

Չմոռանաք գրականություն պատվիրել և հերթագրվել նախապես. ԿՈՀԱ առցանց քարտարանի հայալեզու գրականությունը պատվիրեք բացառապես առցանց, օտարալեզու գրականության պատվերներն ընդունվում են հեռախոսով. Կատալոգների ենթաբաժին զանգահարեք 060 62 35 15 /2/ հեռախոսահամարով:

Գրադարանի բոլոր ծառայությունները գործում են: Շարունակեք հանգիստ կարդալ ու աշխատել մեր հարմարավետ ու ապահով ընթերցասրահներում, ինչպես նաև՝ հանրային օգտագործման համար նախատեսված և գրադարանից դուրս բերելու թույլատրված գրքերը տանել տուն՝ ձեր աբոնեմենտային քարտով: Գրադարանի այս ծառայությանը կանդրադառնանք առանձին հրապարակմամբ»,-նշված է գրառման մեջ:

Comment here