Վրաստանի դպրոցներում այսօրվանից ստուգումներ են սկսվում։ Գնահատվելու է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պահանջների կատարումը, տեղեկացնում է «Ալիք մեդիան»։ Ստուգումներն անցկացնելու են Աշխատանքի տեսչության, արդյունաբերության ազգային գործակալության և մունիցիպալ ծառայության կողմից կազմված խմբերը։
Մինչև սեպտեմբերի 15-ը 400 տեսուչներ ստուգելու են դպրոցները․ պահանջներին բավարարելու դեպքում դպրոցներին թույլ կտրվի սկսել գործունեությունը։ Հակառակ դեպքում դպրոցները կարող են տեսուչներին նորից կանչել` թերությունները վերացնելուց հետո։ Ուսումնական տարվա մեկնարկից հետո ստուգումները պարբերական կդառնան։
Մասնավոր դպրոցներում ստուգումները սկսվել են մի քանի օր առաջ։ 21 դպրոցի տրվել է գործելու իրավունք։
Վրաստանի կառավարության որոշմամբ ուսումնական գործընթացը դպրոցներում վերսկսվելու է սեպտեմբերի 15-ին, դասերն անցկացվելու են պանդեմիայով պայմանավորված հատուկ պահանջները հաշվի առնելով։ Բուհերի վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։