ԳլխավորԼուր

Կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել արտակարգ դրության ավարտից հետո (լրացված)

Դիմակով անցորդներ եւ ոստիկաններ Երեւանում

ՀՀ կառավարությունը մտադիր է Հայաստանում առկա արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտից հետո հայտարարել կարանտին: Այս մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում ասաց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը` ներկայացնելով արտակարգ դրությունն այլևս չերկարաձգելու հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը:

«Օրենսդրական փաթեթը նախաձեռնելու նպատակն այնպիսի գործիքակազմ ապահովելն է, որով, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի, հնարավոր է պայքարել համավարակի դեմ: Եթե օրենսդրական փաթեթն ընդունվի և ուժի մեջ մտնի մինչև սեպտեմբերի 11-ը, ապա կառավարությունն, այո՝ մտադիր է կարանտին հայտարարել և պայքարը շարունակել համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում:

Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինեն նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում:

Կարելի է փաստել, որ արտակարգ դրությունը նոր ռեժիմից շատ քիչ կտարբերվի. պարզապես այլեւս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը:

ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված եւ պարբերաբար երկարաձգված արտակարգ դրության հերթական ժամկետը լրանում է սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին:

***

Ժ. 12.20-Օրինագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ 80 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ։

***

Ժ. 18.56-Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով գործադիրին կարանտին սահմանելու հնարավորություն կտրվի: Նախագիծն ընդունվեց 70 «կողմ» և 19 «դեմ» ձայներով:

 

Comment here