Ավելի լուրջԳլխավորԽոսք

Մեր հոգսերի գարունը

Այս գարունը դեռ երկար կհիշենք բոլորս իր աննախադեպությամբ՝ աշխարհի մարդկանցից յուրաքանչյուրին իր քաղաքում ու տան մեջ փակած եւ դրանով իսկ բոլորին ընդհանրացրած, գարուն, որն արդեն իսկ ջրբաժան է դարձել ու հետագա տասնյակ տարիներին հիշատակվելու է «…դրանից առաջ էր», «…դրանից հետո էր», «…դեռ այն ժամանակ» արտահայտություններով։

Մեր մերթընդմերթ սիրված, բայց հիմնականում սովից, պատերազմներից, աղքատությունից ու բռնությունից, չարությունից ու ագահությունից բզկտվող մոլորակի պտտանիվի մեջ կորոնավիրուս է ընկել ու կանգնեցրել նրա ընթացքը, եւ հազարավոր տարիներ՝ օրը 24 ժամ պտտվող այս գնդակը շփոթված կանգ է առել եւ սպասում է՝ հասկանալու համար՝ շարունակի՞ իր սովոր ընթացքը, թե՞ արդեն պետք է հակառակ պտտվի, կամ գուցե ցատկոտի՝ իրեն կառչած այս տարօրինակ արարածներին նախատեսվածից շուտ եւ վերջնականապես չկորցնելու համար։

Ամեն օր աշխարհի բոլոր ծագերում մարդիկ արթնանում ու քնում են վարակվածների ու մահացածների վերաբերյալ թվերը թարմացնելով, ամեն օր ու աշխարհի ցանկացած անկյունում մոլորակի պես քարացել է  անորոշությունն ու դրանից սնվող վախն ու տագնապը, որը նույնն է թե′ հայի եւ իտալացու, թե′ անգլիացու եւ մեքսիկացու համար։

Այսքան միամիտք ու միազգա մարդկությունը չէր եղել, այսքան անորոշ ու հոգսաշատ, այսքան վանդակված ու սովորական կենցաղից դուրս կամ ավելի ճիշտ՝ ներս շպրտված-փակված, այսքան կարոտվող ու կարոտած զբոսնելու, հանդիպելու, երես առ երես շփվելու, ձեռքով բարեւելու կամ առավել եւս՝ հպվելու-համբուրելու…

Սսկված քաղաքը

Այս ձմեռային տրամադրությամբ գարնանն աղջիկներն ու կանայք այդպես էլ չեն հասցնի ամեն օրվա հետ ավելի ու ավելի թեթեւազգեստ ու թեթեւաքայլ դառնալ, իսկ տղաներն ու տղամարդիկ չեն կարողանա հիացական-շշմած կիսածուռ ժպիտները նրանց տալ, բացօթյա սրճարաններում չի խառնվի ծառերի ու խոտահողային հոտը սուրճի բուրմունքի հետ, քաղաքը կմնա այսպես ու այնքան սսկված, գյուղը՝ սովորականից էլ լուռ։

Բանկերի առջեւ հերթեր են գոյանում… Հատուկենտ աշխատողներից նրանք, ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում,  ամեն օր մտածում են՝ արժե՞ այսօր էլ տաքսիով գործի գնան-գան, նպաստների սպասողներն իրենց չեն գտնում շահառուների մեջ, բոլորը սպասում են, որ կկրճատվեն, կսննկանան, ու փորձում են սակայն ժպտալ՝ տանը հեռավար դաս անող երեխաների մոտ խեղճացած շփոթված չլինելու, իրենք իրենց աչքից չընկնելու եւ ամեն ինչից գլուխ հանողի հայրական կամ չեղած տեղից կերակուր եւ ջերմություն ստեղծող մայրական կերպարից դուրս չթռչելու համար։

Վիրտուալացել-հեռավարացել-մտել ենք արդեն մեծ ու փոքրով հեռախոսների ու համակարգիչների մեջ, ու հարց է՝ ե՞րբ դուրս կգանք, որ հանդիպենք սովորական քարե շենքի սովորական լսարանում, դասասենյակում, ամենասովորական արտադրամասում կամ թեկուզ ամենաանշուք գրասենյակում։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը… կորոնավիրուսից մահացածների թիվը… թեստավորում է անցել…

Կորոնապատերազմական այս հաղորդագրությունները կպել են իրար ու մի երկար ժապավեն դարձած՝ խեղդում են կենսախինդ բողբոջների, ծաղիկների ու իրեն ժպիտներով դիմավորող  մարդկանց սովոր գարնանը, որն արդեն ամիսուկես մեզ է փնտրում փողոցներում ու զբոսայգիներում, բայց միայն մի քանի դիմակավորված մարդկանց հանդիպելով՝ վախվորած ետ է քաշվում՝ այդպես էլ մեզ չգտնելով։ Գուցե ամա՞ռը ավելի բախտավոր լինի։

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here