ԳլխավորԼուր

Ովքե՞ր առաջինը Հայաստանում կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ

Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Հանձնաժողովը քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունների որոշման հարցը՝ հաշվի առնելով տարբեր երկրներում այս ուղղությամբ կիրառվող սկզբունքները, ինչպես նաև այս հիվանդության համաճարակաբանական օրինաչափությունները:

Ամփոփելով հանձնաժողովի անդամների և նիստին հրավիրված փորձագետների կարծիքները` հանձնաժողովն առաջարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացնել փուլային՝ սահմանելով ռիսկի խմբերի հետևյալ առաջնահերթությունը.

1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները:

• Համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

Հանձնաժողովը քննարկել է նաև «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակներում երկրորդ պատուհանի ընթացքում առաջարկված COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերման հնարավորությունը: Որոշվել է չմերժել «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար՝ հաշվի առնելով հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը (2021 թվականի մարտ) և արժեքի մատչելիությունը:

Comment here