ԳլխավորԼուր

Արցախի հանրակրթական դպրոցները համալրվել են լաբորատոր սարքավորումներով

Արցախի հանրակրթական դպրոցները համալրվել են լաբորատոր սարքավորումներով

Ամերիկաբնակ Սարյան ընտանիքի նախաձեռնությամբ և Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ 2022 թվականին մեկնարկեց Արցախի դպրոցները լաբորատոր սարքավորումներով համալրելու ծագիրը, հայտնում են Արցախի ԿԳՄՍՆ-ից։ Սարքավորումների առաջին խմբաքանակն անցյալ տարի  տրամադրվել է Մարտունու շրջանի դպրոցներին։ Ծրագրի արդյունավետությունը հաշվի առնելով, կազմակերպիչները որոշեցին շարունակել այն՝ ընդգրկելով Ստեփանակերտ քաղաքի և Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի շրջանների համայնքների դպրոցները։

Կենսաբանության լաբորատոր սարքավորումների երկրորդ խմբաքանակն արդեն Արցախում է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մայրաքաղաքի դպրոցների ներկայացուցիչներին են հանձնվել նախատեսված սարքավորումների հավաքածուները, իսկ շրջանների դպրոցներին հասանելիք հավաքածուները առաջիկա օրերին կուղարկվեն շրջաններ։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը  շնորհակալություն  հայտնեց Թուֆենկյան հիմնադրամին Արցախում մոտ երկու տասնամյակ բարեգործական գործունեություն ծավալելու համար, ինչպես նաև բոլոր այն բարերարներին, ովքեր ընդգրկվել են այս ծրագրում ու իրենց լուման ներդրել  այն իրականացնելու համար։ Նախարարի խոսքով՝ Թուֆենկյան հիմնադրամի հետ կրթական ոլորտում իրականացվելիք շատ ծրագրեր կան։

«Հուսով եմ, որ նյութատեխնիկական բազայի նման համալրումը կնպաստի Արցախի դպրոցներում «Կենսաբանություն» առարկայի արդյունավետությանը։ Այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու։ Հաջորդ ուսումնական տարում նախատեսում ենք դպրոցներն ապահովել «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաների համար լաբորատոր սարքավորումներով»,-նշեց Արցախում Թուֆենկյան հիմնադրամի գրասենյակի ղեկավար Էդվին Գրիգորյանը։

Լաբորատոր սարքավորումների հավաքածուն ընդգրկում է 7-8-րդ դասարանների կենսաբանության դասագրքին համապատասխանող բոլոր նյութերը։