ԱրցախԳլխավորԼուր

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ է ընտրվել

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյան

Մայիսի 22-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը, այս մասին լրատվամիջոցներին ասել է պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

Նրա խոսքով՝ նիստին ներկա է եղել 28 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել Դանիելյանի թեկնածությանը։ 4 պատգամավոր հարգելի պատճառներով ներկա չի եղել։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը 2023 թվականի սեպտեմբերից գտնվում է Բաքվում ադրբեջանական գերության մեջ։

2023-ի սեպտեմբերին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Ադրբեջանական ագրեսիայից հետո սեպտեմբերի վերջին Արցախը հայաթափվեց (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115 365 մարդ), իսկ ռազմաքաղաքական ղեկավարների մի մասը հայտնվեց ադրբեջանական գերության մեջ։

Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ  Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը։