ԳլխավորԼուր

Քրիստինե Գրիգորյանը Փարիզում ներկայացրել է իրավիճակն Արցախում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն աշխատանքային այցով Փարիզում է, հայտնում են ՄԻՊ հանրային կապերի բաժնից։

Ապրիլի 27-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների հարցերով դեսպան Դելֆին Բորիոնի, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ, դեսպան Բրիս Ռոքֆոյի և Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ներկայացուցիչների հետ:

Անդրադառնալով Պաշտպանի հաստատության կողմից Արցախ և Հայաստանի սահմանամերձ համայնքներ այցելությունների հետևություններին՝ Պաշտպանը ներկայացրել է արցախահայության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող ճնշումները, այդ թվում՝ հոգեբանական, ապա նաև կոնկրետ ֆիզիկական անձեռնմխելիության ու անվտանգության համար ստեղծված անելանելի պայմանները, որի վերջնանպատակը Արցախի հայաթափումն է։

Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է նաև գերության մեջ գտնվող ու անհայտ կորած անձանց հարազատների հետ իր շփումների մանրամասները, մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից գերիների ու պահվող անձանց անմիջապես վերադարձնելու հարցում իր միջազգային պարտավորություններն ու եռակողմ հայտարարությամբ ստանձնած հանձնառությունը շարունակաբար չկատարելու վերաբերյալ։

Իր խոսքում ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ դեսպան Բրիս Ռոքֆոյը մտահոգություն է հայտնել պատերազմից հետո առկա չհանգուցալուծված հումանիտար հարցերի վերաբերյալ։ Դեսպան Ռոքֆոյը բարձր է գնահատել գերության մեջ գտնվող ու անհայտ կորած անձանց ընտանիքների տարբեր խնդիրների լուծումը պաշտպանի կողմից մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և աջակցելու մոտեցումը։

Հանդիպումների շրջանակներում Քրիստինե Գրիգորյանը նաև շեշտել է Արցախում միջազգային կազմակերպությունների ու ընդհանրապես՝ միջազգային ներկայացվածությունն ավելացնելու անհրաժեշտությունը՝ որպես արցախահայության իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորման լրացուցիչ երաշխիք։