Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում՝ բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերին արձագանքման և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հայտարարության մեջ։
«Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է, իսկ պետությունն ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս։
Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն։
Պաշտպանը կարևորում է նաև պետական մարմինների, հատկապես իրավապահ համակարգի, խնամակալության և հոգաբարձության մարմինների ակտիվ, համակարգված և անհապաղ գործողությունների իրականացումը։ Վերոնշյալ մարմինները պարտավոր են ոչ միայն համակողմանի գնահատել տեղի ունեցածը, այլ նաև ապահովել՝ տուժած ուսանողի անվտանգությունը, անհրաժեշտ բժշկական, հոգեբանական և սոցիալական աջակցությունը, ինչպես նաև համայնքում և ուսումնական հաստատություններում բռնությունը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ:
Պաշտպանն ընդգծում է, որ կրթական հաստատություններում բռնության հայտնաբերման, կանխարգելման և պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը նպաստում է նման անընդունելի միջադեպերի առաջացմանը։
Այս իմաստով անհրաժեշտ է անհապաղ՝ երեխաների հետ աշխատող և երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման, բացահայտման և արձագանքման պարտավորություն ունեցող բոլոր մասնագետների համար պարտադիր դասընթացներ և պարբերական վերապատրաստումներ անցկացնել, ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ թեմաներ ներառել, երեխաների նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման, դրանց կանխարգելման և արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքների հստակ մեթոդաբանության, գործիքակազմերի և ուղեցույցների պարտադիր կիրառությունն ապահովել, ինչպես նաև ուսումնական հաստատությունների և պետական մարմինների աշխատողների կողմից երեխայի նկատմամբ որևէ տեսակի բռնություն կիրառելու դեպքերի հաղորդման և արձագանքման համար հստակ կառուցակարգեր ներդնել՝ ապահովելով գաղտնիությունն ու բացառելով երեխայի թիրախավորումը:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է անում անհապաղ հեռացնել և չտարածել բռնության տեսարաններով տեսանյութը՝ ելնելով երեխայի լավագույն շահի ապահովման և «Մի՛ վնասիր» սկզբունքներից։
Պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու պաշտպանել երեխայի իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել անվտանգ ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանը իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից նշել, որ Տավուշի մարզի Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող մի տղայի: Տեսանյութը նկարահանվել է հենց ծեծկռտուքի մասնակից անչափահասների կողմից։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերին, բայց դրա մասին հայտնի է դարձել հիմա։
Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ 5 դպրոցականներից 4-ը կալանավորվել են 20 օրով, 1-ի նկատմամբ սահմանվել է տնային կալանք։ Երբ եկել է կալանքը երկարաձգելու ժամանակը, դատարանը մերժել է 4-ի նկատմամբ երկարաձգման միջնորդությունը, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



