ԳլխավորԼուր

Քրիստինե Գրիգորյանն այցելել է աուտիզմ ունեցող անձանց ցերեկային կենտրոն

2022 թվականի ապրիլի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է «Իմ ուղին» ցերեկային կենտրոն, որտեղ սոցիալ-վերականգնողական ծառայություններ են ստանում աուտիզմ ունեցող երեխաներն ու երիտասարդները, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է կենտրոնի հիմնադիրների և աշխատակիցների, ինչպես նաև շփվել ծառայություններից օգտվող երիտասարդների և երեխաների հետ: Կենտրոնի անձնակազմը ներկայացրել է առաջարկվող ծառայությունների շրջանակը, ծանոթացրել կենտրոնի նյութատեխնիկական պայմաններին:

Քննարկվել են այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են կենտրոնի ծառայություններից օգտվող մարդիկ: Օրինակ՝ պայմանավորված կենտրոնի շահառուների ընտանեկան սոցիալական վիճակով՝ խոչընդոտներ են առաջանում հատկապես մարզերում բնակվող անձանց համար, ովքեր ֆինանսական խնդիրներով պայմանավորված ոչ միշտ են կարողանում օգտվել վերականգնողական ծառայություններից:

Քրիստինե Գրիգորյան

Ներկայացվել է, որ խնդիր կա նաև կենտրոնի հետագա գործունեության կայուն շարունակականության ապահովման հետ կապված, քանի որ հիմնական ֆինանսավորումն ապահովվում է բարերարների աջակցությամբ:

Պաշտպանը հաշվառել է կենտրոնի առաջնահերթ անհրաժեշտության խնդիրները՝ դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակադրմամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է։