ԳլխավորԼուր

Արման Ասրյանն ավարտում է Southwestern-ն ու վերադառնում Արցախ

Մայիսի 29-ին արցախցի երիտասարդ և խոստումնալից իրավաբան Արման Ասրյանը կավարտի Southwestern իրավունքի դպրոցի LL.M. կրթական ծրագիրը, հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

ՀՀ և ԱՀ ՄԻՊ գրասենյակների և Southwestern իրավունքի դպրոցի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Արմանը հնարավորություն է ստացել ընդգրկվել Southwestern իրավունքի դպրոցի LL.M. կրթական ծրագրում և ձեռք բերված գիտելիքները հետագայում կիրառել հայրենիքում՝ ապահովելու իրավունքի գերակայությամբ բնիկ քաղաքակրթությունը, մարդու և քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը և մարդկանց անվտանգությունն ու արժանապատվությունը:

Արմանի կողմից Southwestern-ի LL.M. ծրագրի հաջող ավարտից հետո, Southwestern-ի և ՀՀ ու ԱՀ ՄԻՊ գրասենյակների միջև ստորագրվել է նոր հուշագիր՝ երկարաձգելով, ընդլայնելով համագործակցությունը և հնարավորություն ընձեռելով հաջորդ 4 ակադեմիական տարիների համար տարեկան մինչև 2 ուսանողի տրամադրել ուսման վարձի լրիվ փոխհատուցում:

Southwestern իրավունքի դպրոցի տնօրեն Դարբի Դիքերսոնը կարևորել է համագործակցությունը՝ հնարավորություն ընձեռելու այլ երիտասարդ իրավաբանների ևս՝ ամրապնելու իրենց գիտելիքները և հմտությունները միջազգային իրավունքի և մարդու իրավունքների բնագավառում:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Southwestern-ին նման հրաշալի համագործակցության համար:

Պաշտպան Գրիգորյանը նաև շնորհավորել է Արմանին գալիք ավարտական հանդեսի կապակցությամբ և նշել, որ հպարտ է Southwestern-ի հետ նման կարևոր նախաձեռնությանը մաս կազմել, որը «Հայաստանի և Արցախի երիտասարդ իրավաբաններին բացառիկ հնարավորություն է ընձեռում հարստացնել իրենց գիտելիքները մարդու իրավունքների ոլորտում»:

Արցախի Մարդու իրավունքերի պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր հերթին շնորհավորել է Արմանին ծրագրի անդրանիկ շրջանավարտը լինելու առթիվ:

Ստեփանյանը վստահ է, որ Արմանը կլինի  Southwestern-ի և ԱՀ ՄԻՊ գրասենյակի միջև համագործակցության դեսպանը և կոգեշնչի շատերին գնալ իր հետքերով:

Ստեփանյանը շնորհակալ է Southwestern-ին պատրաստակամության և համառության համար՝ ձգտում ունեցող Արցախցի իրավաբանների պոտենցիալը ճանաչելու և հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև կրթությունը ամեն ինչից վեր դասելու գործում:

Հայ իրավաբանական միության նախագահ և Southwestern-ի 1996թ. շրջանավարտ Լյուսի Վարպետյանի խոսքերով՝  ՀՀ և ԱՀ ՄԻՊ գրասենյակների և Southwestern-ի միջև կնքված հուշագրի շրջանակներում Southwestern-ի LL.M. ծրագրում ընդունվելուց ընդամենը մի քանի ամիս առաջ Արմանը 7000 մղոն այն կողմ իր հայրենի Արցախն էր պաշտպանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից:

Այժմ՝ զինված Southwestern-ում ձեռք բերած գիտելիքներով, Արմանը վերադառնում է իր հայրենիք՝ ապահովելու իրավունքի գերակայությամբ բնիկ քաղաքակրթությունը, մարդու և քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը և մարդկանց անվտանգությունն ու արժանապատվությունը: