ԱրցախԼուրԿրթություն

Արցախցի 11238 երեխա արդեն դպրոց է հաճախում Հայաստանի Հանրապետությունում

Արցախցի աշակերտները Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում

Արցախից (Լեռնային Ղարաբաղ) Հայաստան տեղափոխված երեխաներից 11238-ն արդեն տեղավորվել է հայաստանյան կրթական հաստատություններում:

Այս մասին հոկտեմբերի 10-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի  ընթացքում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նրանցից 458–ը Սյունիքի մարզում են, 535–ը` Գեղարքունիքում, 1597–ը` Արարատում, 234–ը` Վայոց Ձորում, 1964–ը` Կոտայքում, 512–ը` Արագածոտնում, 956-ը` Արմավիրում, 427-ը` Շիրակում, 635–ը` Լոռիում, 325–ը՝ Տավուշում, 3595–ը՝ Երևանի դպրոցներում։

Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ արցախցի ծնողների այն ահազանգերին, որ Երևանում որոշ դպրոցներ հրաժարվում են երեխաներին ընդունել` պատճառաբանելով, որ «տեղ չկա»:

«Կան դեպքեր, երբ անձինք դիմում են դպրոցներ, որոնք աշակերտների լիցենզավորված հստակ թվաքանակ ունեն, և, բնականաբար, դպրոցը մերժում է աշակերտին և ուղղորդում է մոտակա այլ դպրոց», — ասաց նա։

Բաղդասարյանը համաձայնեց, որ պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահով․ «Բայց նաև պետք է արձանագրել, որ դպրոցներն ունեն սահմանափակ թվով աշակերտների տեղեր, եթե իրենք լիցենզավորված են տվյալ քանակով, միայն սա է հավելյալ խնդիրներ առաջացնում ԼՂ մեր հայրենակիցների համար», — ասաց նա հավելելով, որ նման խնդիր կա նաև Երևանի մանկապարտեզներում

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայկական կողմից կա առնվազն 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո որոշվեց զինաթափել Արցախի ՊԲ ստորաբաժանումները։

Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային տեղափոխությունը ՀՀ։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Նրանցից շուրջ 30 հազարն անչափահասներ են, որոնցից 8 հազարը նախադպրոցական տարիքի, 22 հազարը` դպրոցական տարիքի երեխաներ: