ԳլխավորԼուր

Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ դպրոցի փոխարեն ընկերներով գնան կինո. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը աշակերտների ծնողներին ուղղված ֆեյսբուքան գրառում է կատարել.

«Հարգելի ծնողներ,

Այսօր հրապարակված թվերից պարզ դարձավ, որ ունենք նաև քովիդով հիվանդ և հիվանդությունը ծանր տանող երեխաներ։ Ցավոք, գրանցվել է նաև մահ։

Դպրոցների արձակուրդը երկարաձգվեց, քոլեջներն ու ուսումնարաններն անցել են հեռավար ուսուցման։ Սա արվում է, որպեսզի շարժը նվազի և կարողանանք կոտրել վարակի ալիքը։

Դա հնարավոր կլինի, եթե միաժամանակ հետևենք, որպեսզի երեխաները հնարավորինս խուսափեն մարդաշատ վայրերից։ Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ դպրոցի փոխարեն դասարանով կամ ընկերներով գնան կինո կամ մեկ այլ մարդաշատ վայր։ Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ այդ դեպքում ավելի լավ է՝ դպրոց գնային»,-նշված է գրառման մեջ։

Տեղեկացնենք, որ այսօրվա դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա է հոսպիտալացված: Նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հայտնի է դարձել նաև, որ առավոտյան «Մուրացան»-ում կորոնավիրուսով վարակված մեկ ամսական երեխա է մահացել։

Հիշեցնենք, որ դպրոցական արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգվել են (մինչև նոյեմբերի 7-ը)։

 

Comment here