ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մի շարք ահազանգեր են հասցեագրվել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ճնշումներ են գործադրում Կապան համայնքի մի շարք դպրոցների նկատմամբ՝ պահանջելով կամ հորդորելով տնօրեններին, որպեսզի վերջիններս իրենց աշխատակիցներին ուղղորդեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկել կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին: Ըստ ահազանգի՝ դպրոցի մի շարք աշխատակիցների ներկայացվել են աշխատանքից ազատելու սպառնալիքներ:
Պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգ այն մասին, որ քրեական վարույթի շրջանակում մի քանի օր առաջ խուզարկությամբ առգրավվել են «Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին պատկանող գույքը՝ համակարգիչներ և փաստաթղթեր:
Ըստ ահազանգի տվյալների՝ դա արվել է՝ նպատակ ունենալով հասնել քոլեջի տնօրենի հեռացման, քանի որ նա Կապան համայնքի ղեկավարի տեղակալի մայրն է, իսկ համայնքի ղեկավարի նշված տեղակալն ընդգրկված է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու անդամների ցուցակում:
Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքներ են հասցեագրել «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության մի քանի աշխատակիցներ այն մասին, որ իրենք ընդգրկված են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում: Ըստ բողոքների՝ այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության ղեկավարությունը իրենցից պահանջել է կա՛մ հրաժարվել ավագանու թեկնածությունից և դուրս գալ կուսակցության ցուցակից, կա՛մ սեփական դիմումով ազատվել աշխատանքից: Ըստ նշված քաղաքացիների՝ ընկերության ղեկավարությունն ապօրինի միջամտում է իրենց քաղաքական իրավունքներին, պահանջում է դրանցից հրաժարվել՝ աշխատանքային իրավունքների խախտման սպառնալիքով:
Մարդու իրավունքների պաշտպանի գրառումն ամբողջությամբ՝ այստեղ։
Հավելենք, որ Կապանում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 14-ին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։