ԳլխավորԼուր

Առաջին պսակադրությունը՝ Կապանի վերանորոգված ԶԱԳՍ-ում

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Կապանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության վերաբացման պաշտոնական արարողությունը, տեղեկացնում են Կապանի համայնքապետարանից։ Այն հատկապես նշանավորվել է ամուսնական առաջին զույգի՝ Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Անի Մելիքսեթյանի և Զորայր Գալստյանի պսակադրությամբ։ Բաժնի պետ Ադա Գրիգորյանը, գործող կարգի համաձայն, նորապսակներին ներկայացնելով իրենց իրավունքներն ու պարտականությունները` հանձնել է ամուսնությունը վավերացնող պետական փաստաթուղթը:

Այսուհետ, ամուսնացող անձանց ցանկությամբ, ամուսնության պետական գրանցումը կկատարվի հիմնովին նորոգված և արդիական տեսք ստացած սրահում։

Նորաբաց շենքում իրականացված անդրանիկ միջոցառմանը մասնակցում էին նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Նշենք, որ հիմնանորոգման ծրագիրը կյանքի է կոչվել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 73 349 280 ՀՀ դրամ, Կապան համայնքի ներդրումը՝ 55% կամ 40 342 104 ՀՀ դրամ, ՀՀ կառավարության ներդրումը՝ 45% կամ 33 007 176 ՀՀ դրամ, շինարարական կազմակերպությունը՝ «ՎԻԿԱՐՏ» ՍՊԸ։

Comment here