ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ի բոլոր ուսանողները նոյեմբերի 1-ին պետք է ներկայանան համալսարան

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր և կայացվել որոշումներ։

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ընթացիկ ստուգումների ընթացքին, որի շուրջ տեղեկատվությամբ հանդես եկան ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետն ու ֆակուլտետների դեկանները։ Համաձայն տեղեկատվության՝ քննաշրջանն անցել է բնականոն, առանց արտառոց դեպքերի ու խնդիրների՝ պահպանելով համավարակի տարածումը կանխարգելող սանիտարահիգիենիկ անհրաժեշտ պահանջները։

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսերի պարապմունքների մեկնարկին։ Հարցի շուրջ կայացվեց որոշում, համաձայն որի՝ հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսերի ուսումնական պարապմունքներն ավանդական եղանակով կմեկնարկեն նոյեմբերի 1-ից և կտևեն մինչև նոյեմբերի 13-ը․ ուսանողները պետք է համալսարան ներկայանան բժշկական դիմակներով՝ հետևելով համավարակի տարածումը կանխարգելող անհրաժեշտ կանոններին։

Ռեկտորատի օրակարգային հարց էր նաև համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը։ Նիստը քննարկել և հարցի վերաբերյալ կայացրել է որոշում, համաձայն որի․

1)Հաշվի առնելով համավարակի տարածման վտանգն ու հիմք ընդունելով ԱՀ կառավարության համապատասխան որոշումը՝ ԱրՊՀ-ում ուսումնական պարապմունքները կազմակերպել հիբրիդային եղանակով՝ համադրելով ավանդականն ու հեռավարը։

2)Բոլոր ուսանողները, համաձայն իրենց դասացուցակների, պետք է երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 1-ին, ներկայանան համալսարան՝ բժշկական դիմակներով ու համավարակի տարածումը կանխարգելող անհրաժեշտ կանոնների պահպանմամբ։

3)Ֆակուլտետների դեկանները կազմակերպեն խորհրդակցություններ բոլոր խմբերի ավագների հետ և համապատասխան ցուցումներով կազմակերպեն ուսումնական գործընթացը՝ անհրաժեշտաբար կայացնելով իրավիճակից բխող որոշումներ՝ համավարակի տարածումը կանխարգելող կանոններին համապատասխան։

4)Մանկավարժական փորձուսուցում անցնող ավարտական խմբերի ուսանողները ևս նոյեմբերի 1-ին պետք է ներկայանան համալսարան։ Ֆակուլտետների դեկանները նրանց կտրամադրեն փորձուսուցման կամ պարապմունքները շարունակելու հետ կապված հարցերի մասին հավելյալ տեղեկություններ, որոնք կախված կլինեն հանրակրթական դպրոցներում պարապմունքների մեկնարկից։

Comment here