ՀՀ հանրակրթական դպրոցների ավելի քան 1000 ուսուցիչներ և տնօրեններ առցանց եղանակով իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳՄՍՆ ոլորտի ներկայացուցիչներին և ստացել մի շարք պարզաբանումներ:
ԿԳՄՍՆ-ի կազմակերպած հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչները պատասխանել են նրանց կողմից բարձրացված հարցերին, որոնք առնչվել են ուսումնական պլանի, էլեկտրոնային մատյանի, թեմատիկ պլանների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ խնդիրներին:
Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի և առկա վիճակի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ, որոնց առնչությամբ տրվել են հետևյալ պարզաբանումները և լուծումները:
Թեմատիկ պլաններ
- Էլեկտրոնային մատյանի լրացման մեջ կատարվել են տեխնիկական փոփոխություններ՝ թեմատիկ պլանների լրացման հետ կապված։
- Նախկին pdf տարբերակով ներբեռնելու փոխարեն թեմատիկ պլանը լրացվում է հենց մատյանում։
- Առարկայի թեմատիկ պլան ունենալը կարևոր է առաջին հերթին ուսուցչի համար, որպեսզի նա կարողանա պլանավորել առարկայի դասավանդումը։
- Թեմատիկ պլանները նախընտրելի է լրացնել մեկ կիսամյակի համար։
- Խրախուսվում է ուսուցիչների կողմից ինքնուրույն սեփական առարկայի թեմատիկ պլանը կառուցելը` հենվելով առարկայի ծրագրի, ընտրած դասագրքի և մեթոդական ուղեցույցի վրա։
- Համակարգում արդեն իսկ ստեղծված թեմատիկ պլանները ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից դիտարկումից հետո նշվում են որպես օրինակելի։ Համակարգում դա կարելի է տարբերակել. ԿԶՆԱԿ-ի տարբերանշանը հայտնվում է թեմատիկ պլանի կողքին։
- Եթե ուսուցիչը ստեղծել է թեմատիկ պլան և ցանկանում է, որ այն հասանելի լինի նաև իր մյուս գործընկերներին, կարող է դիմել ԿԶՆԱԿ-ին` առաջարկելով այն դիտարկել և հաստատել որպես օրինակելի։
- Բոլոր դասարանների բոլոր առարկաների թեմատիկ պլանները կամ արդեն համակարգում հասանելի են կամ հասանելի կլինեն մինչև հոկտեմբերի 4-ը։
- Այն ուսուցիչները, որոնք ցանկանում են օգտագործել թեմատիկ պլանի օրինակելի ձևանմուշները, իրենց էլեկտրոնային մատյանի թեմատիկ պլան բաժնում «օգտագործել օրինակելի ձևանմուշ» կոճակով կարող են ընտրել համապատասխան առարկան, դասարանը, դասագիրքը, և ինքնաշխատ եղանակով թեմատիկ պլանը կհայտնվի էլեկտրոնային մատյանում։
- Ինչպես ուսուցչի կողմից ստեղծված, այնպես էլ օրինակելի թեմատիկ պլանը կարելի է խմբագրել` «խմբագրել և տեսնել թեմաները» կոճակների միջոցով։
- Թեմատիկ պլանների կառուցվածքի մեջ ներառված է նաև օրվա դասի թեմայի բաժինը, որի դասաժամերը և վերջնարդյունքներն ինքնաշխատ եղանակով հայտնվում են դասի պլանի բաժնում։
- Յուրաքանչյուր դասի համար պլան գրելիս անհրաժեշտ է լրացնել միայն նպատակների և խնդիրների բաժինները։
- Դասի պլանները պետք է լրացվեն յուրաքանչյուր դասի համար. մինչև տարեվերջ դասի պլանների համար նպատակներ և խնդիրներ սահմանելու անհրաժեշտություն չկա։
- Ուսուցչի կողմից մեկ անգամ ստեղծված թեմատիկ պլանները պահպանվելու են մատյանի իր էջում և հասանելի են լինելու ինչպես հաջորդ տարիներին, այնպես էլ այլ դպրոց աշխատանքի տեղափոխվելու դեպքում։
- Այս ձևաչափով թեմատիկ պլաններն ունենալն օգնելու է ուսուցչին իրականացնել թեմաների յուրացման վերաբերյալ վերլուծություններ՝ լավարկելով դրանց դասավանդման մոտեցումները։
- Թեմատիկ պլանների լրացման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ժամկետներ չեն սահմանվել:
Դասագրքեր
- Դասագրքերի և առարկայական ծրագրերի անհամապատասխանության վերաբերյալ գրառումները մանրամասն ուսումնասիրվում են և կներկայացվեն հեղինակներին ու փորձաքննող հանձնաժողովներին` անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով։
- Բոլոր դասագրքերը և դրանց գործածման մեթոդական ուղեցույցները տեղադրված են պաշարների շտեմարանում։ Որևէ մեկի բացակայության դեպքում պետք է արագ տեղեկացնել։
Ուսուցիչների ատեստավորում
- Կամավոր ատեստավորմանը գրանցվելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։
- Բոլոր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարիներին մասնակցել են կամավոր ատեստավորմանը և սահմանված նվազագույն շեմը չեն հաղթահարել, անպայման պետք է գրանցվեն համակարգում, որպեսզի կարողանան մասնակցել, քանի որ դա ինքնաշխատ տարբերակով չի կատարվում։
- Էլեկտրոնային եղանակով ատեստավորումից պետք չէ անհանգստանալ, քանի որ քննական կենտրոններում լինելու են մասնագետներ, որոնք ցուցաբերելու են անհրաժեշտ տեխնիկական աջակցություն:
- Այս եղանակով հնարավոր է լինում ուսուցիչներին ազատել ձևաթուղթը լրացնելու ժամանակատար աշխատանքից՝ նաև ապահովագրելով ճիշտ պատասխանները տեղափոխելու վրիպակներից։
- Հերթական ատեստավորման կազմակերպչական ընթացակարգի մանրամասն նկարագրությունը կարճ ժամանակում կստանան դպրոցները, որպեսզի քայլերի հերթականությունը հստակ և միանշանակ լինի։
- Հերթական ատեստավորման արդյունքների գնահատումն իրականացվելու է կենտրոնացված եղանակով. գնահատումից առաջ կլինեն մանրամասն ուղեցույցներ։
Պարտադիր փաստաթղթեր
Բոլոր այն փաստաթղթերը, այդ թվում՝ օրվա դասի պլանը, որոնք լրացվում են էլեկտրոնային եղանակով, թղթային եղանակով լրացնելու անհրաժեշտություն չկա, և դրա պահանջը ոչ իրավաչափ է։
Ստորև հրապարակված է նաև առցանց հանդիպման հղումը, որը հասանելի է հարթակում գրանցված ուսուցիչների համար։