Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Ազգայի ժողովի պատգամավորներ կոչ են անում ազատ արձակել «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին և շարունակել իրականացնել օրենքի տառին համապատասխան անաչառ քննություն։
Համապատասխան ուղերձները հրապարակվել են Արցախի նախագահի և ԱԺ–ի ֆեյսբուքյան էջերում։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Չալաբյանը Արցախի Հանրապետության և արցախցիների նվիրյալ բարեկամներից մեկն է ու Արցախի անվտանգային համակարգի արդիականացման և բարելավման գործում անգնահատելի դերակատարում ունի:
«Անձնապես ճանաչելով և վստահելով Ավետիք Չալաբյանին, բարձր գնահատելով նրա գործունեությունը, արժեքները և մարդկային բացառիկ որակները` արցախցիների և անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության դատախազությանը խնդրում եմ վերանայել նրա նկատմամբ ընտրված՝ անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն»,–նշված է նախագահի ուղերձում:
ԱԺ նախագահն ու պատգամավորները ևս կոչ են արել ազատ արձակել Չալաբյանին։
«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հանգամանքով և ծանոթ լինելով Ավետիք Չալաբյանի գործունեությանը, մասնագիտական ու անձնային որակներին, վստահեցնում ենք, որ նրա ազատ արձակումը որևէ կերպ չի խոչընդոտի արդար քննության ընթացքին»,–նշված է հայտարարության մեջ։
Նրանք հորդորել են ազատ արձակել Չալաբյանին և շարունակել իրականացնել օրենքի տառին համապատասխան անաչառ քննություն։