ԳլխավորԼուրՀայաստանս

Այս չքնաղ երկրի համար կարելի է ամեն օր պայքարել. Ավետիք Չալաբյան

Արդեն տևական ժամանակ է, մեր բնականոն կյանքը անվերադարձ խաթարվել է, ամենը օրը սկսում է պայքարով, շարունակվում աշխատանքով, նորից վերածվում պայքարի, ուժասպառ վերադառնում ես տուն, մի քանի ժամ քնում, և հաջորդ օրը նորից սկսվում է պայքարով, 2 օր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Եթե ցանկանում ես սակայն, որ պայքարը չդառնա հոգեմաշ, ընդհակառակը՝ ուժ տա և ապրելու նոր տենչ ու եռանդ, պետք է պարբերաբար վերադառնաս ակունքներին, հիշես, թե ինչ համար ես պայքարում, խորապես իմաստավորես դա, և նոր ավյունով վերադառնաս քո գործին:

Երկու օր առաջ, արթնանալով Վայոց ձորի գողտրիկ անկյուններից մեկում, առավոտ կանուխ բարձրացանք մոտակա լեռները, ու զմայլվում էինք մեզ շրջապատող հայոց երկրի անհավանական գեղեցկությամբ: Այս չքնաղ երկիրն է, որի համար կարելի է ամեն օր պայքարել, որի սիրով կարելի է հավերժ ապրել, և հանուն որի կարելի է նաև անմռունչ մեռնել: Բոլորիդ լավ օր, ապրելու և պայքարելու աննկուն կամքով»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է, ըստ ՔԿ-ի, «քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու» կասկածանքով։