ԳլխավորԼուր

Բժշկական համալսարանում այս տարի ևս թափուր տեղեր չեն լինի

ԵՊԲՀ

2022/2023 ուսումնական տարում բուհերի ընդունելության գործընթացի առաջին փուլի արդյունքներով՝ Երևանի պետական բժշկական համալսարան է դիմել 1000-ից ավելի դիմորդ: Այն 40 տոկոսով ավել է բուհի կողմից հատկացված 696 (605 վճարովի և 91 անվճար) տեղից:

ԵՊԲՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կոստանդին Մանուկյանի խոսքով՝ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական և Ռազմաբժշկական ֆակուլտետներում այս տարի ևս թափուր տեղեր հավանաբար չեն լինի:

Ինչպես նշեց Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը, Դեղագիտական ֆակուլտետում հատկացված 90 տեղի (85 վճարովի և 5 անվճար) համար դիմել է շուրջ 73 դիմորդ, և այստեղ հիմնական փուլից հետո հնարավոր է մնան թափուր տեղեր, որոնք էլ ըստ ամենայնի՝ ինչպես նախորդ տարի, կհամալրվեն լրացուցիչ փուլի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ դիմորդներն ապրիլի 15-ից մայիսի 10-ը կենտրոնացված, ներբուհական և առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու, ընտրած մասնագիտությունը նշելու համար ընդունելության դիմում-հայտը ներկայացրել են առցանց` Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երկրորդ փուլում՝ հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00-ն:

Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

Միասնական քննությունները կազմակերպվում են տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: