ԳլխավորԼուրԿրթություն

Տարկետման իրավունքը քանի՞ դիմորդի է բերել բուհեր․ նոր տվյալներ

Usanogh.am-ն արդեն հայտնել է, որ այս տարի ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաներ և մաթեմատիկա) ուղղություններով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման նոր համակարգ է սահմանվել մի շարք կրթական ծրագրերի գծով։

ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Usanogh.am-ին տեղեկացրել է, թե այս տարի քանի դիմորդ է եղել տարկետման իրավունքով մասնագիտությունների գծով։

Այսպիսով՝ «Ռադիոֆիզիկա» (ԵՊՀ) կրթական ծրագրի գծով դիմել է 68 հոգի, «Ֆիզիկա» (ԵՊՀ) մասնագիտության գծով՝ 58 հոգի։ 47 հոգի դիմել է «Հեռահաղորդակցություն և ազդանշանների նշակում» (ՀԱՊՀ) կրթական ծրագրի գծով, «Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ» (ՀԱՊՀ) մասնագիտությունը հետաքրքրել է 29 հոգու։

«Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» (ԵՊՀ) մասնագիտությունը հրապուրիչ է եղել 24 հոգու համար, «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա»-ն՝ (ԵՊՀ) 21 հոգու համար։ 16 հոգի էլ դիմել է «Ատոմային էներգետիկա» (ՀԱՊՀ) կրթական ծրագրի գծով, նույնքան դիմորդ էլ ընտրել է «Քիմիա»-ն (ԵՊՀ)։ «Միջուկային ռեակտորների ֆիզիկա»-ն (ԵՊՀ) գրավիչ է եղել 15 հոգու համար, «Մեքենաշինություն և նյութերի մշակում» կրթական ծրագիրն էլ՝ (ՀԱՊՀ) 11 հոգու համար։

Հիշեցնենք՝ 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 3124 տեղ: Պահուստային տեղերի քանակը՝ 115: Վճարովի տեղերի թիվը 16.300 է նախորդ տարվա 22.300-ի փոխարեն։

Այս պահի դրությամբ (հայտագրման հիմնական փուլն ավարտվել է մայիսի 10-ին – խմբ.) կա 14300  դիմորդ 19 539 տեղի համար։

Տես նաեւ՝ Որո՞նք են այս տարվա ամենահրապուրիչ մասնագիտությունները դիմորդների համար Հայաստանում

Որո՞նք են այս տարվա ամենաանտեսված մասնագիտությունները ՀՀ բուհերի դիմորդների համար