ԳլխավորԼուրԿրթություն

Որո՞նք են այս տարվա ամենաանտեսված մասնագիտությունները ՀՀ բուհերի դիմորդների համար

Usanogh.am-ն արդեն տեղեկացրել է, որ այս տարի հանրապետության բուհեր են դիմել 14300 դիմորդ, նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվն աճել է 1304-ով․ 2022-ին նրանց թիվը կազմում էր 12 996։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը Usanogh.am-ին ներկայացրել է այս տարի հայաստանյան բուհերի դիմորդների շրջանում ամենաքիչ հետաքրքրություն վայելող մասնագիտությունները։

Այսպիսով՝ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության գծով (ՀՊՏՀ) 30 տեղի համար այս տարի եղել է ընդամենը 1 դիմորդ։ «Իսպաներեն և գրականություն» (ՀՊՄՀ) կրթական ծրագրի գծով 25 տեղի համար կրկին ունենք ընդամենը 1 դիմորդ։ Ամենաանհրապույր մասնագիտությունների թվում է նաև «Օլիգոֆրենոմանկավարժությունը» (ՀՊՄՀ)․ 24 տեղի համար ունենք 1 դիմորդ։

«Շրջակա միջավայրի գիտություններ» կրթական ծրագրի (ՀՊՄՀ) հանդեպ դիմորդները ևս հետաքրքրություն չեն ցուցաբերել․ 20 տեղի համար դիմել է 1 հոգի։ «Երաժշտական կրթություն» մասնագիտությունը (ԵՊԿ ԳՄ) ևս գրավիչ չէ այս տարվա դիմորդների համար․ 20 տեղի համար ունենք 1 դիմորդ։ «Քիմիա» մասնագիտությունը (ՀՊՄՀ) ընտրողներ ևս գրեթե չեն եղել․ 19 տեղի համար ունենք 1 դիմորդ։

«Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» (ՀԱԱՀ) մասնագիտությունը հետաքրքրել է ընդամենը 3 դիմորդի (50 տեղ)։ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագիրը (ԳՊՀ) հրապուրել է ընդամենը 1 դիմորդի (15 տեղ)։ «Քիմիական տեխնոլոգիա» մասնագիտությամբ (ՀԱՊՀ) այս տարի կրկին հետաքրքրվել է 1 հոգի (15 տեղ)։ «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա» (ԵՊՀ) մասնագիտությունը կրկին հրապուրել է ընդամենը 1 հոգու (15 տեղ)։

Usanogh.am-ը ներկայացրել էր նաև հանրապետության բուհերի դիմորդների շրջանում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները։