ԳլխավորԼուրԿրթություն

Որո՞նք են այս տարվա ամենահրապուրիչ մասնագիտությունները դիմորդների համար Հայաստանում

Այս տարի հանրապետության բուհերն ունեցել են 14300 դիմորդ, նախոր տարվա համեմատ դիմորդների թիվն աճել է 1304-ով․ 2022-ին նրանց թիվը կազմում էր 12 996։ Այս մասին Usanogh.am-ին տեղեկացրեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Այս տարի դիմորդների շրջանում ամենապահանջված մասնագիտությունների առաջատարը «Բուժական գործ»-ն է (ԵՊԲՀ)․ 450 տեղի համար դիմել է 661 հոգի։ Երկրորդ հորիզոնականում «Կառավարում» մասնագիտությունն է (ՀՊՏՀ)․ 200 տեղի համար դիմել է 327 հոգի։ Ամենապահանջված մասնագիտությունների թոփ եռյակը եզրափակում է «Ֆինանսներ» մասնագիտությունը (ՀՊՏՀ)․ 200 տեղի համար դիմել է 325 հոգի։

Դիմորդների համար հաջորդ՝ չորրորդ հրապուրիչ մասնագիտությունը «Իրավագիտություն»-ն է (ԵՊՀ)․ 140 տեղի համար դիմել է 303 հոգի։ Հինգերորդ ամենագրավիչ մասնագիտությունը «Տնտեսագիտություն»-ն է (ՀՊՏՀ)․ 199 տեղի համար դիմել է 276 հոգի։ Վեցերորդ տեղում «Ճարտարապետություն» մասնագիտությունն է (ՃՇՀԱՀ)․ 228 տեղի համար դիմել է 270 հոգի։ «Հաշվապահական հաշվառում և հարկում» կրթական ծրագիրը (ՀՊՏՀ) յոթերորդ ամենահետաքրիր մասնագիտությունն է դիմորդների շրջանում․ 199 տեղի համար դիմել է 267 հոգի։

«Ստոմատոլոգիա»-ն (ԵՊԲՀ) հրապուրիչ մասնագիտությունների ցանկում ութերորդն է․ 137 տեղի համար ունենք 264 դիմորդ։ «Շուկայագիտություն» (մարքեթինգ) (ՀՊՏՀ) կրթական ծրագիրն իններորդն է ցանկում․ 149 տեղի համար ունենք 255 դիմորդ։

Ամենագրավիչ մասնագիտությունների թոփ տասնյակը եզրափակում է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիրը (ԵՊՀ)․ 210 տեղի համար դիմել է 254 հոգի։

Հիշեցնենք՝ 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 3124 տեղ: Պահուստային տեղերի քանակը՝ 115: Վճարովի տեղերի թիվը 16.300 է նախորդ տարվա 22.300-ի փոխարեն։

Այս պահի դրությամբ (հայտագրման հիմնական փուլն ավարտվել է մայիսի 10-ին — խմբ.) կա 14300  դիմորդ 19 539 տեղի համար։