ԳլխավորԿրթություն

ԵՊՀ-ում հայտագրվել է 4060 դիմորդ

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ, տեղեկանում ենք ԵՊՀ կայքից։:
ԵՊՀ բակալավրիատում ընդունելությունը կատարվում է 54 կրթական ծրագրերով։

2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլի ընթացակարգին, արդյունքներին ծանոթացրել եւ պարզաբանել է ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանտու քարտուղար Արմեն Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ դիմորդների դիմում-հայտերի ընդունման առցանց եղանակը մի քանի տարի է, ինչ եղել է Ընդունող հանձնաժողովի քննարկման թիրախում:

«Դեռևս անցած տարի մենք որոշեցինք մշակել դիմորդների դիմում-հայտերի լրացման առցանց եղանակը, որը հնարավորություն կընձեռեր սեղմ ժամկետներում լրացնելու և ներկայացնելու դիմում-հայտը՝ խուսափելով ավելորդ քաշքշուկից և, ինչու ոչ, ծախսերից, քանի որ դիմորդները, որոնց համար Երևան հասնելը որոշակի ծախսերի և ժամանակի հետ էր կապված, դիմում-հայտի լրացման համար մեզ մոտ էին գալիս հեռավոր մարզկենտրոններից ու գյուղերից,- նշեց Ա. Սարգսյանը և հավելեց,- ըստ այդմ՝ երկրում հաստատված արտակարգ դրությունը «նպաստեց» այդ ծրագրի հապճեպ իրականացմանը, որը, կարծում եմ, լիովին արդարացված էր»:

Այն հարցին, թե արդարացվա՞ծ էր նաև դիմորդի՝ մեկ քննությամբ բուհ ընդունվելը, և որակական ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի դա, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ուսանողները վերջին ամիսներին են իմացել, որ մեկ քննությամբ են բուհ ընդունվելու, իսկ մինչ այդ նրանք արտալսարանական պարապմունքներ են անցկացրել՝ նվազագույնը 1, առավելագույնը 3-ից 4 առարկա սովորելով: Սա միայն բուհ ընդունվելու մեթոդ է, իսկ արդյունքը երևալու է բուհում ուսանելու տարիներին: Ես վստահ եմ, որ  մեկ քննությամբ բուհ ընդունվելու ձևաչափը որևէ կերպ չի խոչընդոտելու բուհում կատարվելիք աշխատանքների որակական առաջխաղացմանը»:

Այդուհանդերձ, ըստ մասնագետի, մեկ քննությամբ բուհ ընդունվելու ձևաչափը հնարավորություն է տվել շատ դիմորդների փորձելու իրենց ուժերը, ինչն էլ հանգեցրել է մի շարք ֆակուլտետներում առավել մեծ թվով դիմորդների միջև մրցակցությանը. «Կարծում եմ՝ այս եղանակից օգտվել են նաև անցյալ կամ նախորդ տարիներին բուհ ընդունվել ցանկացող այն դիմորդները, որոնք վստահ չեն եղել իրենց ուժերին կամ տարբեր պատճառներով չեն դիմել»:

Տեղեկացնենք, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեծ է դիմորդների թիվը հետևյալ ֆակուլտետներում՝ Իրավագիտության (502), Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (451), Միջազգային հարաբերությունների (253), ինչպես նաև «Միջմշակութային հաղորդակցություն. անգլերեն» մասնագիտության գծով (188):

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here