ԳլխավորԼուր

Լեգենդար գիտնական Յուրի Հովհաննիսյանը դասախոսություն է կարդացել  ԵՊՀ-ում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր Մայր բուհում հյուրընկալվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսոր, լեգենդար գիտնական, Ռուսաստանի ԳԱ իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Մենդելեևի աղյուսակը վեց տարրով համալրած ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը. նա դասախոսություն է կարդացել գերծանր միջուկների և դրանց սինթեզման մեթոդների վերաբերյալ:

Տեղեկությունը հայտնում են ԵՊՀ-ից։

Յուրի Հովհաննիսյանը, դասախոսության սկզբում ներկայացնելով աշխատանքային 65 տարիները, անդրադարձել է գերծանր միջուկների սինթեզմանը, ապա խոսել է իր առաջարկած այն մեթոդների մասին, որոնք այսօր կիրառվում են ամբողջ աշխարհում:

Դասախոսությունից հետո Յու. Հովհաննիսյանը պատասխանել է քննարկվող թեմային առնչվող, ինչպես նաև իր կյանքի հետաքրքիր դրվագներին վերաբերող հարցերի:

Այնուհետև գիտնականը ներկա է գտնվել Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի՝ ԵՊՀ-ում գործող տեղեկատվական կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին ինստիտուտի գիտակրթական ծրագրերը, գիտական խմբերի կողմից ծավալվող գործունեությունը և այլն:

Նշենք, որ տեղեկատվական կենտրոնը բացվել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի միջև ստորագրված եռակողմ համագործակցության համաձայնագրի շրջանակում: