ԳլխավորԽճանկար

Դեռ մանկուց երազել եմ իրավաբան դառնալ. ԵՊՀ շրջանավարտ

Աննա Ստեփանյան

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտներից է Աննա Ստեփանյանը, ում հետ Ysu.am-ը զրուցել է մասնագիտության ընտրության, գրանցած հաջողությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ:

Ես Աննա Ստեփանյանն եմ:

Դեռ մանկուց երազել եմ իրավաբան դառնալ, և բոլոր քայլերս ուղղված են եղել երազանքիս իրականացմանը: Հպարտությամբ կարող եմ ասել, որ ուսանելու չորս տարիների ընթացքում ես կարողացել եմ դառնալ շատ ավելի ինքնավստահ՝ գիտակցելով, որ այս ոլորտում ունեմ իմ ասելիքը:

Հաջողության հասնելու համար պետք է լինել համառ ու նպատակասլաց:

Իմ կարծիքով՝ իրավաբանը պետք է լինի համառ, նպատակասլաց, պայքարող ու ազնիվ, որպեսզի կարողանա հաջողության հասնել։ Այս գծերն իմ բնավորության մեջ ի սկզբանե կային, համալսարանում էլ ավելի ընդգծված դարձան, և այստեղ հասկացա՝ որն է իմ առաքելությունը: Իսկ ինքնավստահությունը ես ամբողջությամբ ասոցացնում եմ իրավաբանության հետ․ օրենքի պաշտպանը պետք է միշտ վստահ լինի իր ասելիքում, համառի ու պայքարի՝ հանուն սեփական հաջողությունների, և, իհարկե, հանուն պետության ու հասարակության:

Փորձում եմ վստահ քայլերով շարժվել առաջ՝ դեպի մասնագիտական գործունեության դաշտ:

Համալսարանն ինձ հնարավորություն է ընձեռել մասնակցելու հանրապետական տարաբնույթ միջոցառումների, դատախաղերի, որոնց շրջանակում պատիվ եմ ունեցել հաղթանակներ բերելու ֆակուլտետիս, համագործակցելու միջազգային կազմակերպությունների հետ, դառնալու անվանական կրթաթոշակակիր թե՛ ԵՊՀ-ում և թե՛ միջազգային ծրագրերում: Այս ամենի շնորհիվ էլ ավելի կատարելագործեցի հմտություններս, իրականացրի գիտական հետազոտություններ: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի հետագայում դասախոսական գործունեություն ծավալել և վստահ քայլերով գնում եմ դեպի իմ նպատակը։

ԵՊՀ-ն նաև իմ հետագա գործունեության մասն է լինելու:

Համալսարանն իր ջերմությամբ ու տված գիտելիքներով ինձ այնքան դրական էներգիա է փոխանցում, որ պարզապես չեմ պատկերացնում իմ հետագա գործունեությունն առանց համալսարանի։ Ամեն անգամ՝ համալսարան մտնելիս, էլ ավելի եմ լցվում էներգիայով ու նոր մտքերով: Վստահ եմ՝ համալսարանի հետ շարունակվող կապը միայն նոր հաջողությունների ճանապարհ կհարթի։

Պետք է միշտ վստահել սեփական ուժերին:

Ուզում եմ ասել, որ եթե մարդն իսկապես ցանկանում է դառնալ իրավաբան, ամենակարևորը սրտի ձայնին լսելն է: Իմ կարծիքով՝ անչափ կարևոր է մարդու՝ հավատով լցված լինելը, սեփական ուժերին վստահելը։