Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Տաղանդավոր, բարի, լուսավոր… Հուշ-երեկո՝ ԵՊՀ ուսանող Արթուր Սուքիասյանի հիշատակին

Արթուր Սուքիասյան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող, Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Արթուր Սուքիասյանի հիշատակին, տեղեկանում ենք բուհի լրատվական ծառայությունից։

Միջոցառումը նախաձեռնել էր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, որին ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, Արթուր Սուքիասյանի ծնողները, ընտանիքի անդամներն ու ընկերները:

Ներկաներին ողջունեց ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը: Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը, որից հետո անդրադարձավ ֆակուլտետի ուսանող, Արցախյան հերոսամարտում նահատակված Արթուր Սուքիասյանին՝ նշելով, որ շնորհալի պատանին, չնայած իր ապրած կարճ կյանքին, բոլորի հիշողության մեջ հավերժ կմնա որպես խիզախ, քաջարի ու հայրենասեր երիտասարդ.

«Արթուր Սուքիասյանը կարող էր գիտնական կամ մանկավարժ դառնալ, նա պետք է ծնող դառնար, բայց, ինչքան էլ զարմանալի հնչի, նա ընտրեց հավերժի ճամփորդի ուղին՝ անցնելով մեր պատմության հերոսների գիրկը՝ իր օրինակով կրթելով երիտասարդ սերնդին»:

Այնուհետև բանախոսությամբ հանդես եկավ ֆակուլտետի պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում ստեղծված գրականության մեջ Արցախյան պատերազմի արտացոլման խնդրին ու այդ ստեղծագործությունների հեղինակներին:

«Երբ կարդում ենք պատերազմին մասնակցած հեղինակների գործերն ու ծանոթանում  պատմություններին, հասկանում ենք, որը հայը հումանիստ ու վեհանձն է նաև պատերազմի ժամանակ՝ ասպետական մոտեցում դրսևորելով անգամ թշնամու նկատմամբ»,- ասաց Ժենյա Քալանթարյանը:

Անկախության շրջանի գրական հերոսի մասին բանախոսությամբ ելույթ ունեցավ նաև գրող Արմեն Ավանեսյանը:

Այնուհետև հայրենասիրական երգով հանդես եկավ Արթուր Սուքիասյանի համակուրսեցի Լուսինե Խաչատրյանը:

Միջոցառման երկրորդ հատվածում ներկայացվեցին հուշեր Արթուր Սուքիասյանի մասին, ցուցադրվեց տեսահոլովակ, որից հետո տեղի ունեցավ հերոսի անվան լսարանի բացման արարողությունը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Վահանյանն Արթուր Սուքիասյանի ապրած կյանքը նկարագրեց կարճ, բայց փաստեց, որ այն եղել է հերոսական դրվագներով լի. «Տաղանդավոր, բարի, լուսավոր ու վաղամեռիկ այս պատանին հայրենի եզերքի ամենաարժանավոր զավակներից էր, նրա իդեալը «Խենթ»-ի Վարդանի երազն ապագայում իրականություն դարձնելն էր»:

Comment here