Այսօրա դրությամբն Երևանի պետական համալսարանում 650 արցախցի բռնի տեղահանված ուսանող կա. այս մասին Usanogh.am-ին տեղեկացրեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը:
Նրա խոսքով` Արցախի բուհերից ԵՊՀ դիմած ուսանողներին մեծ մասամբ տեղավորել են բուհում.
«Մենք նախ առաջարկել ենք մեր կրթական ծրագրերը: Եթե չեն ցանկացել դրանք ընտրել, արցախցի ուսանողներին ուղղորդել ենք այլ բուհեր: Այսինքն` այլ բուհեր են ուղղորդվել միայն այն ուսանողները, որոնց ընտրած կրթական ծրագրերը մենք պարզապես չենք ունեցել: Միայն դա է խնդիր եղել»:
ԵՊՀ մամուլի խոսնակը շեշտեց` արցախցի ուսանողներին ՀՀ կրթական համակարգում ներառելու հետ կապված բուհը ստացել է շրջաբերական Բարձրագույն որակավորման կոմիտեից.
«Արցախցի ուսանողներին թղթաբանական բարդ պահանջներ չենք ներկայացրել, որպեսզի նրանք կարողանան առանց կրեդիտային տարբերությունները հանձնելու ներառվեն իրենց ընտրած կրթական ծրագրում, համապատասխան կուրսում»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային տեղափոխությունը ՀՀ։
Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Նրանցից շուրջ 30 հազարն անչափահասներ են, որոնցից 8 հազարը նախադպրոցական տարիքի, 22 հազարը` դպրոցական տարիքի երեխաներ: ԿԳՄՍ նախարարությունից Usanogh.am-ին տեղեկացրեցին, որ հավաքագրում են Արցախից բռնի տեղահանված ուսանողների տվյալները:
Հավելենք, որ միայն Արցախի պետական համալսարանում սովորում էր 1600 ուսանող։
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ