ԳլխավորԼուր

«Մենք անպայման ոտքի ենք կանգնելու, կասկած չունեմ». Արա Գևորգյան

Արա Գևորգյան

«Մենք անպայման ոտքի ենք կանգնելու, դրանում որևէ կասկած չունեմ: Ես շատ լավատես մարդ եմ, և, ամպագոռգոռ բառեր չասեմ, բայց մեծ հույսեր ունեմ, որ մենք ուղղելու ենք մեր ողնաշարը: Մեր ժողովրդի հետ չի կարող անընդհատ վատ բաներ պատահել. մինչև ո՞ւր»,- Usanogh.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը՝ անդրադառնալով հասարակության մեջ տիրող տրամադրություններին:

Նրա խոսքով` ամենակարևորն այն է, որ մենք համախմբվենք և մեր մեջ արթնացնենք սերը իրար նկատմամբ, իրար հանդուրժենք: Արա Գևորգյանը շեշտեց` մենք պարտավոր ենք գրկաբաց ընդունել արցախցի մեր հայրենակիցներին, ինչը և անում ենք.

«Մենք այն տեսակ ժողովուրդ ենք, որ միշտ իրար ձեռք ենք մեկնել և պարտավոր ենք գրկաբաց ընդունել ցանկացած մեր հայրենակցի, որը հայտնվել է նեղության մեջ և օգնության կարիք ունի: Դա, անխոս, այդպես պետք է լինի: Սփյուռքը ևս միշտ կանգնած է արցախցիների կողքին»:

Արա Գևորգյանն անդրադարձավ նաև մեր հասարակության շրջանում առկա «հայաստանցի», «ղարաբաղցի» տարբաժանումներին. «Բոլորս հայ ենք… Մենք նույն արմատն ունենք: Եթե նման բաժանարար գիծ է անցկացվում, իմ համոզմամբ, դա արվում է դրսից` մեզ կռվացնելու, մեր մեջ գժտություն հրահրելու համար: Մենք իրար ատելու իրավունք չունենք: Չի´ կարելի, ասենք, մի արցախցու արած ոչ այնքան հաջող արտահայտություն վերագրել բոլոր արցախցիներին: Նրանք մերոնք ենք, նրանք մենք են: Իմ պապերն էլ վանեցի են, և արցախցիների պես եկել հաստատվել են այստեղ: Ի՞նչ տարբերություն…»,-եզրափակեց Արա Գևորգյանը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ