Հունվարի 17-ին Ադրբեջանում՝ Բաքվի ռազմական դատարանում սկսվեց հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների «Դատավարություն» վերնագրով բեմադրությունը։
Հայաստանն ու հատկապես մայրաքաղաք Երեւանը խիստ հանկարծակի փոթորկվեց, հիմնականում՝ սոցիալական ցանցերում, մի թեթեւ էլ՝ ԱԳՆ-ՄԱԿ-ի գրասենյակ-կառավարության գլխավոր մասնաշենք հետագծի վրա։
Մի քանի ժամ, թեկուզ՝ մի քանի օր հետո խիստ հանկարծակի լուրից փոթորկվածներս մեր պարտքը չգիտեմ ում առջեւ տվածի ինքնագոհությամբ երթերից կգնանք տուն, իսկ սոցցանցերի գուրուները կանցնեն այլ քլիքաբեր նորությունների «լուսաբանման»։
…ու կքննարկենք ինչ-որ մեկի ընտանեկան ասուխոսը, էն մյուսի՝ նստած դիրքը ու չմարող ժպիտը, տրանսպորտի թանկացումը, հայտարարագրվելու խութերը, եկամտահարկի վերադարձի ուշացումը, անձյուն ձմեռը, մի «վերլուծաբան» հերթական շեդեւրը կերկնի, էն մեկելը ամեն ինչ տեսած-ամեն ինչ իմացողի քմծիծաղով ուղիղ եթերում կջախջախի էն մյուսին։
…ամենաբարձր մակարդակով էլ կգոռանք, որ ադրբեջանցիների ինադու Խաղաղության պայմանագիր ենք կնքելու, ու ինչքան կարող ենք ու ինչ կարող ենք՝ սահմանազատելու ենք…
Հետո որ տեսնեն ձանձրանում ենք՝ ինչ-որ պաշտոնյայի կամ «ծյոծի» հերթական ախմախությունը կգցեն մեր առջեւ, որ ծամենք, ծամենք ու մոռանանք, որ էն կողքի երկրում առնվազն 23 հայ գերի ունենք, ու էն էլ՝ վաղուց։ Ու նրանց դատում են Բաքվի բանտում՝ իրենց հողից ու հայկականությունից վռազի մեջ չհրաժարվելու համար, բայց հազարումի այլ պատճառաբանությամբ։
Հա, փետրվարի 1-ին էլ Ջերմուկում համահայկական մարզական խաղեր են մեկնարկելու։ Անոնսներում, սակայն, մոռանում են նշել, թե ջերմուկամերձ ՀԱՅԿԱԿԱՆ հողում քանի ադրբեջանցի զինված հանդիսական ենք ունենալու։
ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ