ԳլխավորԼուր

Ադրբեջանական ագրեսիայից զոհվել է ՀՊՏՀ ուսանողը

Հայաստանի դես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ՀՊՏՀ ուսանող Սերյոժա Ստեփանյանը, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

«Հայաստանի  նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է ՀՊՏՀ ուսանող, 2003 թվականի հոկտեմբերի 24-ին ծնված Սերյոժա Դավիթի Ստեփանյանը։

Սերյոժա Ստեփանյանը 2021 թվականից Տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանող էր։

2022 թվականի հունվարին զորակոչվել էր բանակ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմը խորապես վշտակցում է Սերյոժա Ստեփանյանի ընտանիքին ու հարազատներին, սգում նրա անդառնալի կորուստը։

Փա՛ռք մեր նահատակներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմը սեպտեմբերի 16-ի դրությամբ ունի 135 զոհ։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել։

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։

Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: