ԳլխավորԼուրՀայաստանս

Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է

Այսօր` սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում:

ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) «այո» ասացին Հայաստանի անկախությանը։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը:

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչեւ  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի 14-ին: Ապա միայն 1991 թ. ընթացքում եւս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Նշենք, որ այս տարի սեպտեմբերի 21-ին նախատեսված էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Այլ միջոցառումներ նախատեսված չեն։

Հավելենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել, որը ադրբեջանցիները խախտել են սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։

Ադրբեջանի ԶՈւ-ն իր հարձակողական գործողությունների հետևանքով այսօրվա դրությամբ մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք Ջերմուկի, Ներքին Հանդի, Շորժայի եւ Իշխանասարի ուղղությամբ։

Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: