ԳլխավորԼուր

Մեկ միլիոն դոլարի օգնություն Սերբիայից` Հայաստանին

Նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի / Aleksandar Vučić հեռախոսազրույցների արդյունքում Սերբիան մեծածավալ մարդասիրական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ որպես աջակցություն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին:

Առաջիկա օրերին հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան կժամանեն երկու օդանավ՝ ամբողջությամբ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներով:

Մեր երկիր կհասցվեն մասնավորապես 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:

Նախագահ Սարգսյանի նախաձեռնած և Սերբիայի նախագահի աջակցությամբ կազմակերպված՝ Հայաստանին ցուցաբերվող սերբական օգնության ընդհանուր արժեքը կկազմի մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար:

Comment here