ԳլխավորԼուր

Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը նոյեմբերի 10-12-ը կանցկացվի Երևանում։ Այս մասին հայտնել է Սամբոյի միջազգային ֆեդերացիան՝ FIAS-ը, փոխանցում է ԿԳՄՍ նախարարությունը։

«FIAS-ի գործկոմի անդամները որոշել են հաստատել Հայաստանի թեկնածությունը՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության անցկացման հաջող փորձը Երևանում»,- ասվում է FIAS-ի տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Երևանում անցկացված առաջնության ավարտից հետո FIAS-ի նախագահին առաջարկել էր մեծահասակների ԱԱ-ն անցկացնել Երևանում։

Նշենք, որ 2023 թվականին Երևանում կանցկացվի նաև ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․

«ՀՀ կառավարությունը վերջին տարիներին ջանք չի խնայում մեծ սպորտի միջոցառումների կազմակերպումը խրախուսելու համար: Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էր մեր երկրում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացումը․ անգամ Խորհրդային Հայաստանում այդ կարգի մրցում չէր կայացել։ Բռնցքամարտի ԵԱ-ից հետո շատ բարձր մակարդակով անցկացրինք նաև սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հաջորդ տարի կանցկացնենք մեծահասակների աշխարհի առաջնությունը: 2023 թվականը, ինչպես գիտեք, շատ կարևոր է լինելու ծանրամարտի համար, քանի որ անցկացվելու է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզի Օլիմպիական խաղերի համար»,- ներկայացնելով ոլորտի պետական քաղաքականությունը՝ նշել է նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Հիշեցնենք՝ 2022 թ. հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհիներ 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:

Հայաստանի հավաքականները հաջող ելույթներ են ունեցել աշխարհի առաջնությունում՝ նվաճելով 20 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե: