ԳլխավորԽճանկար

ԵՊՀ ժուռֆակի ուսանողին հատուկ մրցանակ է շնորհվել

Մերի Մաթեւոսյան

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակ է շնորհել համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Մերի Մաթևոսյանին: Մերիի հետ Ysu.am-ը զրուցել է մասնագիտության ընտրության, մրցույթի ժամանակ ներկայացրած թեմայի կարևորության, ինչպես նաև իրավական պետության զարգացման գործում լրագրողների դերի մասին:

Մերին նշում է, որ ԵՊՀ-ն մշտապես առանձնացել է իր նորարար մոտեցումներով և գաղափարներով, և դեռ վաղ տարիքից որոշել էր, որ անկախ մասնագիտությունից բարձրագույն կրթություն պետք է ստանա հենց ԵՊՀ-ում։

Հատկանշական է, որ նա, կիրառելով համալսարանում ստացած գիտելիքները, քանիցս մասնակցել է մասնագիտական մրցույթների, զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ։ Մերիի համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր մարդու իրավունքները լուսաբանելու, այդ թեմաներով հոդվածների բովանդակության որակը բարձրացնելու, տարատեսակ խնդիրներ վերհանելու, ինչպես նաև զգայուն ու ճիշտ մոտեցումներն արմատավորելու և խթանելու նպատակով։

Խոսելով մրցույթին իր մասնակցությունից՝ Մերին նշում է, որ ներկայացրել է լրագրողական երկու հոդված։ Ասում է՝ դիմել է առանց հաղթելու ակնկալիքի, իսկ երբ պարզ է դարձել, որ «Անգամ մայրս է հիմա զարմանում, թե ինչպես կարողացա ոտքի կանգնել․․․» խորագրով հոդվածը մրցանակի է արժանանում, էլ ավելի է ոգեշնչվել և ևս մեկ անգամ համոզվել, որ ԵՊՀ-ում ստացած գիտելիքների շնորհիվ ինքն օր օրի կայանում է որպես մասնագետ և վստահ է՝ դեռ շատ պատվավոր մրցանակների է արժանանալու։

«Մրցույթում ներկայացրած երկու թեմաներն էլ մարդու իրավունքներին են առնչվել, որոնց վերաբերող հարցերի և խնդիրների լուսաբանումը մշտապես կարևոր եմ համարել։ Ինձ համար մեծագույն պատիվ էր մրցանակ ստանալ այն համալսարանի ռեկտորի կողմից, որտեղ սովորում ու ստանում եմ համակողմանի գիտելիքներ»,- հպարտությամբ նշում է Մերին:

Հարցին, թե լրագրողներն իրենց գործունեությամբ որքանո՞վ են կարողանում նպաստել իրավական պետություն ստեղծելու գործին, Մերին պատասխանում է. «Եթե լրագրողը կարողանում է իր ասելիքը ճիշտ և հստակ ձևակերպել, ապա նպաստում է մարդկանց իրավունքներին վերաբերող տարբեր հարցերի լուծմանը: Ելնելով ոլորտի նկատմամբ իմ հետաքրքրությունից և ուսումնասիրություններից` կարող եմ փաստել, որ ՀՀ-ում օրավուր զարգանում է քաղաքացիական հասարակությունը, և անընդհատ բարձրանում է մարդկանց իրավագիտակցության աստիճանը»։

 -Ըստ քեզ` այդ հարցում ի՞նչ դերակատարում ունի ԵՊՀ տված կրթությունը։

-Վերջին տարիներին լրատվադաշտում նկատելիորեն ավելացել են մարդու իրավունքներին վերաբերող լրագրողական նյութերը։ Պատճառը, կարծում եմ, ոլորտի վերաբերյալ լրագրողների իրազեկվածության և հետաքրքրվածության մեծացումն է: Այդ գործում մեծ ավանդ ունեն նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տված գիտելիքները: Կարևոր է, որ այդ գիտելիք տվողները ոլորտի լավագույն ներկայացուցիչներն են,- պատասխանում է նա:

Մերին վստահեցնում է ՝ շարունակելու է գրել լրագրողական նոր հոդվածներ և նպաստելու է բազմաթիվ խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը` միևնույն ժամանակ կիրառելով ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները:

Նշենք, որ մրցույթը կազմակերպվել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի համատեղ նախաձեռնությամբ: Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո կազմակերպվել է մրցանակաբաշխություն, որի ընթացքում լրատվամիջոցներին ու լրագրողներին տրվել են 9 հիմնական և 5 հատուկ մրցանակներ։ Հատուկ մրցանակներ են շնորհել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի, ինչպես նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչները։