ԳլխավորԿրթություն

Ամենաշատ մտահոգիչ հարցն ուսանողների շրջանում վերաբերում է ուսման վարձավճարներին. Դավիթ Ափոյան

Արտակարգ դրության պայմաններում ԵՊՀ ՈԻԽ աշխատանքների իրականացման, ուսանողությանը մտահոգող հարցերի և դրանց լուծման տարբերակների մասին Քնար Միսակյանը զրուցել է ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանի հետ: ԵՊՀ կայքում հրապարակված հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։

— Դավի՛թ, ինչպե՞ս է ՈԻԽ-ն իրականացնում իր աշխատանքներն արտակարգ դրության պայմաններում:

— Ինչպես կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները, և առհասարակ ինչպես կառավարման մարմիններն այսօր հանրապետությունում, ՈԻԽ-ն նույնպես իր աշխատանքներն իրականացնում է հեռավար: Առցանց հարթակների միջոցով կազմակերպում ենք հանդիպումներ, գումարում ենք նիստեր, անցկացնում քննարկումներ: Բացի դրանից՝ կազմակերպում ենք արտալսարանային դասախոսություններ, որոնց շրջանակում ձեռք ենք բերում պայմանավորվածություններ տարբեր ոլորտների մասնագետների հետ և առցանց հանդիպում իրականացնում:

Մեր քննարկումները հիմնականում վերաբերում են այն հարցերին, որոնք ուսանողներն անդամների, պատվիրակների, ֆակուլտետների կամ հանձնաժողովների նախագահների միջոցով ուղղում են Ուսանողական խորհրդին: Պետք է նշեմ, որ հնարավորությունների սահմանում, եթե ոչ լավ, ապա բավարար, կարծում եմ, կարողանում ենք պատասխանել այդ հարցերին:

— Ուսանողներին մտահոգող ի՞նչ հարցեր կան: Ի՞նչ հարցերով են ձեզ դիմել այս ընթացքում:

— Հարցերը, որոնք մեզ ուղղում են, տարաբնույթ են: Երբ հայտարարվեց արտակարգ դրություն, այդ ժամանակ մեզ ուղղեցին մոտ 150 հարց, և ի պատիվ մեր լրատվական հանձնաժողովի պատրաստակամ ուսանողների, ինչպես նաև ֆակուլտետային նախագահների՝ բոլոր հարցերին տրվել են պատասխաններ, ինչը նպաստել է, որ առաջացած շփոթությունը շուտ հաղթահարվի: Բացի դրանից՝ մեզ տրվում են հարցեր, որոնք առնչվում են քննությունների կարգին, ԵՊՀ ուսուցման կառավարման առցանց հարթակում ներդրված ծրագրերից օգտվելու ձևերին, լուծարքների կազմակերպմանը, գրադարանից օգտվելու կարգին, ավարտական աշխատանքների ներկայացման ժամանակացույցին ու դրանց հանձնման եղանակներին և այլն: Ամենաշատ մտահոգիչ հարցն ուսանողների շրջանում վերաբերում է ուսման վարձավճարներին: Հետաքրքրում է՝ ինչպե՞ս են վճարելու, արդյո՞ք ամբողջությամբ, ե՞րբ են վճարելու և այլն: Սա իսկապես խնդիր է, որովհետև ուսանողների մեծ մասը չի կարողանում վճարել ուսման վարձը, քանի որ կա′մ ծնողները, կա′մ հենց իրենք այս ընթացքում կորցրել են աշխատանքը:

— Դրանք լուծելուն ուղղված ի՞նչ քայլեր եք նախաձեռնել և ի՞նչ արդյունքներ եք գրանցել:

— Մասնավորապես ուսման վարձավճարների վերաբերյալ հարցը բազմիցս քննարկել ենք բուհի ղեկավարության հետ: ԵՊՀ-ն, ինչպես և մենք, հայտարարություն տարածեցինք և նշեցինք, որ այդ ուսանողների հարցն առանձին կքննարկվի, և հնարավորության դեպքում կընդառաջեն նրանց: Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով համալսարանից դուրս չի մնա: Ես կարծում եմ՝ թե՛ բուհը, թե՛ լիազոր մարմինը հետևողական կլինեն վարչապետի հայտարարությանը, և ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով համալսարանից չի հեռացվի:

Ինչ վերաբերում է ավարտական աշխատանքներին առնչվող հարցերին, ապա այստեղ չհստակեցված իրավիճակ կա: Ինձ տրված պատասխանում ասել են, որ հարցը միջգերատեսչական է, պետք է քննարկվի ՊՆ-ի հետ, քանի որ ավարտական աշխատանքների պաշտպանությունների հետաձգումը կարող է ուղղակիորեն ազդել զորակոչի գործընթացի վրա: Նշվել է, որ փոփոխությունների դեպքում հավելյալ կտեղեկացնեն, իսկ քանի դեռ դրանք չկան, ապա պաշտպանությունների գործընթացը կկազմակերպվի նախապես սահմանված ժամանակացույցով:

 

 

Comment here