ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում «Քվանտային հաշվարկի ներածություն» խորագրով դասախոսություններ է կարդացել հայազգի աստղաֆիզիկոս, Ռիկիոյի համալսարանի (Ճապոնիա) դասախոս, պրոֆեսոր Դմիտրի Խանգուլյանը, հայտնում են ԵՊՀ-ից:
Դմիտրի Խանգուլյանը ԵՊՀ էր այցելել հոկտեմբերին կայացած «Տիեզերական ճառագայթների հետազոտում գերբարձր էներգիայի գամմա ճառագայթման միջոցով» միջազգային գիտաժողովի շրջանակում, որից հետո ևս մեկ ամիս մնացել է Հայաստանում՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների համար դասախոսություններ կարդալու նպատակով:
Դասախոսությունների ժամանակ բանախոսն անդրադարձել է ընդհանուր քվանտային հաշվարկների նկատմամբ հետաքրքրություն առաջացնող գործոններին, քվանտային մեխանիկայի աքսիոմատիկ կառուցմանը, քվանտային համակարգիչների կառուցման սկզբունքների նկարագրությանը, մի շարք քվանտային ալգորիթմների առավել խոր ուսումնասիրությանը (քվանտային որոնում և քվանտային տելեպորտացիա), քվանտային սիմուլյատորների և քվանտային համակարգիչների ծրագրավորմանը և այլ թեմաների:
Կարևորելով Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությունը՝ Դմիտրի Խանգուլյանը նշեց.
«ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ԳԱԱ արտասահմանյան անդամ, Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Ֆելիքս Ահարոնյանի հետ ունեցածս երկարամյա համագործակցության շնորհիվ ԵՊՀ-ում մասնակցել եմ գիտաժողովների, բայց առաջին անգամ էի դասախոսում, ինչն ինձ համար յուրօրինակ փորձառություն էր»:
Այցի շրջանակում Դմիտրի Խանգուլյանը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի գործընկերների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ հետազոտական համատեղ ծրագրերի, հաճախակի փոխադարձ այցելությունների և երկարաժամկետ դասախոսությունների հնարավորությունները:
Շեշտելով իր գրանցած հաջողություններում համալսարանական կրթության կարևորությունը՝ աստղաֆիզիկոսն ընդգծեց. «Քայլելով ժամանակակից աշխարհի մարտահրավերներին համընթաց՝ անհրաժեշտ է կրթական համակարգում ավանդական մեթոդներից բացի կիրառել նաև նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ, որոնք դյուրին կդարձնեն ուսուցման գործընթացը և կբարձրացնեն դրա արդյունավետությունը»: