ԳլխավորԼուր

Ի՞նչ է անում ԵՊՀ-ն՝ Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար

ԵՊՀ գլխավոր մասնաշենք

Մեր երկրում ստեղծված իրադրության առաջին իսկ օրերից ԵՊՀ ուսանողներն ու աշխատակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ներգրավվելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության տրամադրման համար իրականացվող բոլոր գործընթացներում, հայտնում են ԵՊՀ-ից։

ԵՊՀ-ն, նախաձեռնելով և համագործակցելով այլ բուհերի ու պետական գերատեսչությունների հետ, ապահովել է հարյուրավոր կամավորների ներգրավումը հաշվառման կենտրոնների աշխատանքներում։ Ուսանողները ներգրավվել են Վայքի, այնուհետև Փարաքարի ու Դավթաշենի հաշվառման կենտրոնների գործունեության մեջ, անցել անհրաժեշտ վերապատրաստումները, մասնակցել Երևանի ու մարզերի համապատասխան կառույցների կողմից տարվող աշխատանքներին։

Բացի դրանից, ԵՊՀ-ն ձևավորել է կացարանների բանկ, որի միջոցով համալսարանականները համապատասխան պետական կառույցներին տրամադրում են տեղեկություններ բոլոր այն կացարանների մասին, որոնք կարող են հատկացվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնն ու Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնն էլ ակտիվ աշխատանքներ են կատարում Բյուրականի ու Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազաներում հյուրընկալված մեր հայրենակիցների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու և նրանց ժամանցը կազմակերպելու ուղղությամբ։

Զուգահեռաբար ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը իր գործընկերների հետ համատեղ ձևավորում է նաև թափուր աշխատատեղերի բանկ, որի միջոցով Արցախի մեր հայրենակիցները կկարողանան աշխատանք գտնել։

ԵՊՀ մարքեթինգի բաժինը համակարգում է կամավորների հավաքագրման, տեղաբաշխման, կամավորական աշխատանքների կազմակերպման և այլ հարցեր։

Աջակցության նոր ծրագրեր նախաձեռնելու համար Երևանի պետական համալսարանը շարունակում է գործընկերների և պետական գերատեսչությունների հետ քննարկումներ անցկացնել։